ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԻԿՏԱՏՆԵՐՈՎ ՀՐԱՀԱՆԳԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:-Պարո՛ն Հովհաննիսյան, մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին մեխակներով Ձեր գալն ի՞նչ էր նշանակում: -Մենք ներկա էինք, որովհետեւ մարտի 1-ն իր ողջ ողբերգականությամբ ու նաեւ քաղաքական նշանակությամբ պատկանում է ողջ հայ ժողովրդին, եւ մենք էլ հայ ժողովրդի մի մասն ենք:-ՀԱԿ-ի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր չկա՞ դրված «Ժառանգության» օրակարգում:-Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ինքը պիտի պահանջի, որ հասարակական հատվածը եւ ընդդիմադիր կազմակերպությունները, կուսակցությունները կարգավորեն իրենց հարաբերությունները: Իմ կարծիքով անհրաժեշտ է դուրս գալ անցյալի անձնակենտրոն եւ կուսակցականապաշտ բարդույթներից եւ ստեղծել իրապես նոր քաղաքական կուլտուրայով, մշակույթով լի քաղաքական գործունեության համատեղ դաշտ: Մեր քաղաքական կուսակցությունները կկարողանա՞ն իրականացնել այդ հրամայականը, առաջիկա շաբաթները եւ ամիսները ցույց կտան: Բայց սա այն հարցն է, որ չի կարելի անկյուններից դիկտատներով, հրահանգներով իրականացնել:-Ո՞ւմ եք ակնարկում:-Չէ՛, սա ընդհանրական է, սա պատկանում է բոլոր կուսակցական միավորներին, բոլոր քաղաքական շարժումներին, որ իրենց լավ գործերին զուգահեռ նաեւ առաջնորդվել են միայն սեփականով: Ես ասում եմ, որ եթե քաղաքական արդյունք պիտի ապահովենք այս տարվա ընթացքում եւ իշխանությունը վերադարձնենք ժողովրդին, որին պատկանում է, մենք պիտի նոր ձեւով ընթանանք: Իմ ակնարկը վերաբերում էր բոլորին հավասարապես:-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչի՞ է սպասում «Ժառանգություն»-ը մինչեւ մարտի 6-ը` մինչեւ կայացվելիք որոշումը: -Մարտի 6-ին հերթական խորհրդի նիստն է լինելու, որը քննելու է թե՛ ԱԺ առաջիկա գործունեության խնդիրը` գործունեությունը տարբեր տիպաշարերով շարունակելու, թե՛ ավելի լայն ռազմավարական խնդիրները, որը ենթադրում է հրապարակային գործունեություն ու նաեւ ընդդիմադիր դաշտի համատեղում, որպեսզի մայրաքաղաքի հրապարակում կանգնեն բոլոր ընդդիմադիրները, բոլոր հասարակական հոսանքները` ժողովրդի գլխավորությամբ:-Հնարավո՞ր է, որ «Ժառանգություն»-ը որոշում կայացնի հրաժարվել ԱԺ մանդատներից:-Ես խորհրդի անունից չեմ կարող խոսել: -Անձամբ Ձեր անունից խոսեք, Ձեր անձնական կարծիքն ասեք:-Ես անձամբ կարող եմ ասել, որ «Ժառանգություն»-ը ներկա է ամեն տեղ` խորհրդարանում, այնտեղից դուրս, գյուղում, սահմանապահ մարմնում, բանտերում, ոստիկանատներում… «Ժառանգություն»-ն ամեն տեղ է, դրա համար հատուկ որոշում պետք չէ: -Ասացիք, որ պետք է կանգնեն հրապարակում բոլոր ընդդիմադիրները: Կարո՞ղ եք խոսել կոնկրետ` ով ում կողքին պետք է կանգնի:-Բոլորը բոլորի կողքին:-ՀՀԿ-ԲՀԿ-ն է՞լ:-Ո՛չ, ընդդիմադիրները:-Այսինքն` ՀԱԿ, «Ժառանգություն», «Դաշնակցություն», «Սարդարապատ», Տիգրան Կարապետյան: -Բոլոր ընդդիմադիրները: Նրանք, ովքեր համարում են, որ այսօր ՀՀ քաղաքացին իրավազրկված է, որ պետության ինքնիշխանությունը եւ ազգային շահը տեւապես զիջվում են թե՛ արցախյան ճակատում, թե՛ հայ-թուրքական հարաբերություններում, եւ որ անհրաժեշտ է մի անգամ մեր սերնդի օրերին արձանագրել քաղաքական արդյունք: Ոչ միայն հրավիրել ժողովրդին հերթական միտինգին` լսելու  տարբեր տեսակի ելույթներ, շինիչ առաջարկներ, այլ ժողովդրին վերադարձնել հաղթանակը, իրավունքը: Սա պայքար է, որ պետք է ունենա արդյունք, եւ այդ արդյունքը պետք է տեղի ունենա այս տարի: Դրա համար անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր հոսանքների համատեղ աշխատանք ու պայքար` մինչեւ հաղթանակ:Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս