ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե տնտեսվարողը չի գրանցվում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում, ապա ի՞նչ հետեւանքներ կարող է առաջացնել դա: Հնարավո՞ր է՝ որեւէ տույժ կամ տուգանք սահմանել տվյալ տնտեսվարողի նկատմամբ:
Սերգեյ Պողոսյան (35 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 28-րդ մասի համաձայն՝ սահմանված ժամկետներում սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նմանօրինակ տուգանքներից զերծ մնալու համար՝ խմբագրություն դիմած քաղաքացիներին հորդորում ենք մանրամասն ծանոթանալ գործող կարգին եւ ժամանակին կատարել պահանջված կետերը: