Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետին Թուրքմենստանի նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Թուրքմենստանի նախագահը  ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանն Աշխաբադում՝  նշել է, որ վերջին տարիներին հայ-թուրքմենական փոխհարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով և ավելացրել, որ նման պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ Թուրքմենստանը շահագրգռված  է և կարևորում է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումն ուղղված փոխշահավետ նախագծերի ու ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներում: «Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, արդյունաբերություն: Ունենք փոխգործակցության մեծ ներուժ և պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները», – ասել է Թուրքմենստանի նախագահը: Թուրքմենստանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները հաղորդել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն  է հայտնել Թուրքմենստանի նախագահին ջերմ ընդունելության համար և իր հերթին Նախագահ Սարգսյանի ողջույնները հաղորդել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Բարձր գնահատելով հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն չի համապատսախանում տնտեսության ոլորտում առկա համագործակցությանը: «Այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով առկա մեծ ներուժը»,– նշել է ՀՀ վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի ու Թուրքմենստանի համագործակցության հետագա զարգացման համար:

Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը քննարկել են տնտեսության տարբեր հարցեր:  Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր աջակցությունն է հայտնել երկու երկրների միջև քննարկվող փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել ապրիլին՝ Երևանում, աշխատանքային խմբերի մակարդակով:




Լրահոս