Դրանց համար պատասխան տվողը կա. տնօրենները՝ իրենց մասնակցությամբ ձայնագրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից տարածված ձայնագրությունները, որոնք փաստում էին, որ 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքում, մեծ աղմուկ բարձրացրին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, մինչդեռ նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում:

Իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն էլ իր հերթին հայտարարություն տարածեց, որ նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին սեղմ ժամկետում պարզաբանումներ ներկայացնել հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ:

Մինչ դպրոցների տնօրենները սեղմ ժամկետներում ԿԳՆ-ին կներկայացնեն իրենց պարզաբանումները, «Ժողովուրդ»-ը փորձեց այդ պարզաբանումները լսել հենց նրանցից:

Երեւանի Հակոբ Կարապենցու անվան հ. 6 հիմնական դպրոցի տնօրեն Սիրանույշ Վարդանյան (հրապարակված ձայնագրության մեջ խոստովանել է, որ ներկայացրել է 172 հոգանոց ցուցակ, որի մեջ մտնում են նաեւ աշխատողների հարազատները):

-Տիկի՛ն Վարդանյան, Դուք եւս դպրոցի այն տնօրեններից եք, ովքեր հայտնվել են սկանդալում եւ խոստովանել, որ Հայաստանի հանրապետական կուսակցության համար մարդկանց են ցուցակագրել…

-Ես հեռախոսով հարցերի չեմ պատասխանում (անջատեց հեռախոսը ու այլեւս որեւէ զանգի չպատասխանեց, երեւի արդեն «հեռախոսի ֆոբիա» է ձեռք բերել):

Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյան (խոստովանել է, որ մարզպետարաններ է ներկայացրել 2 ցուցակ Վահրամ Բաղդասարյաննի եւ Սեյրան Սարոյանի համար):

-Պարո՛ն Մարտիրոսյան, վերջին իրադարձությունների մասին ենք ուզում խոսել Ձեզ հետ…

-Ո՞ր դեպքերի մասին է խոսքը:

-Խոսքը օրերս հրապարակված ձայնագրությունների մասին է: Կատարված ձայնագրության մեջ Դուք խոստովանում եք, որ ցուցակագրել եք մարդկանց եւ ներկայացրել մարզպետարաններ…

-Ես որեւէ ինֆորմացիա… աշխատանքի մեջ եմ… աշխատանքի ժամ… ժամը վեցից հետո կզանգեք, խնդրեմ:

-Իսկ այդ հարցով զանգողներին ինչու՞ չասացիք, որ աշխատանքային ժամին չանհանգստացնեն Ձեզ, ավելի ուշ զանգեն, թե՞ Հայաստանի հանրապետական կուսակցությունից էին ներկայացել, դրա համար:

-Ժամը 6-ից հետո, ես աշխատանքի ժամին որեւէ բանով չեմ զբաղվում:

-Այնուամենայնիվ, մի՞թե վատ չեք զգում, մի՞թե դպրոցների տնօրեններն էլ պետք է քաղաքականցվեն, քաղաքականացվա՞ծ սերունդ եք մեծացնում:

-Ի սեր, Աստծո, եթե աշխատանքային պրոցես է, նախընտրական շրջանում ես որեւէ բանով չեմ զբաղվում:

-Բայց հրապարակված ձայնագրություններն այլ բան են ասում:

-Ներեղություն, այդ ձայնագրությունը, դրանք բոլորը… դրանց համար պատասխան տվողը կտա:

-Իսկ ի՞նչ են արել, որ պատասխան տան, պարզապես փորձել են ճշգրտումներ կատարել Ձեր կողմից ներկայացված ցուցակների մասին, Դուք էլ անկաշկանդ խոստովանել եք:

-Դրանք երբ որ սարքում են, կեղծիք է ամբողջովին, դրա համար հետո կխոսենք, լավ… (պարոն Մարտիրոսյանը անսպասելի անջատեց հեռախոսը):

Վահագն Հակոբյան
Սյունե Համբարձումյան




Լրահոս