ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

10 տարի առաջ էր, երբ «Հայոց տուն» կուսակցությունը դատի տվեց Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 27-ին իշխանության բռնազավթման եւ նախագահական ընտրություններում թեկնածությունն ապօրինաբար առաջադրելու համար: Իսկ այսօր նրանք Քոչարյանի վերադարձն են ուզում (Սերժ Սարգսյանի հետ համեմատության կարգով):Միանգամից մի շարք ծանրագույն մեղադրանքներ ներկայացնելով` այս կուսակցությունը հույս ուներ շատ արագ իշխանափոխության հասնել եւ Ռոբերտ Քոչարյանին ճաղերի հետեւում տեսնել: Բայց դատավարությունը արագ կերպով փակուղի մտավ: Ու չնայած այս կուսակցության ղեկավար Վարդան Պետրոսյանը նույնքան դժգոհ է Սերժ Սարգսյանից ու նրան «ավելի բեթարն» է համարում, այնուամենայնիվ, կարծում է` անիմաստ է նրան դատի տալը:Կուսակցության նախագահը նշեց, որ «չնայած թվում էր, թե Ռոբերտ Քոչարյանի հանցանքները անհնար ա գերազանցել», պարզվեց` Սերժ Սարգսյանը «ավելի վատն ա»: «Հայոց տուն» կուսակցությունը չունի գրասենյակ, ֆինանսական աջակցություն եւս, սակայն հույս ունի, որ մինչեւ ընտրություններ ունենալու է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Կուսակցության նույնանուն թերթը վաղուց չի տպագրվում: «Հայոց տուն» կուսակցությունը ունի 30 ակտիվ անդամ եւ շուրջ 300 գրանցված կուսակցական «երկրպագուներ»: Կուսակցությունն ինքն իրեն ծայրահեղ արմատական ընդդիմություն է համարում եւ զարմացած է, որ այս փաստին անդրադարձել է նաեւ հանրահայտ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը: 2008 թվականի ընտրություններին ամենայն վճռականությամբ Վարդան Պետրոսյանը պաշտպանել է առաջին նախագահի թեկնածությունը, սակայն քվեարկության նախօրեին ինչ-որ կեղծ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվել, որոնք կատարելապես «տակնուվրա» են արել «Հայոց տուն» կուսակցության բոլոր ծրագրերը: Առաջիկա ընտրություններում «Հայոց տուն»-ը իրեն Հայ ազգային կոնգրեսի կողքին է պատկերացնում, թեեւ նշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն  էլ է պարկեշտ մարդ է: «Տիգրան Կարապետյանն էլ լավ մարդ ա, ջիգյարով մարդ ա, ես իրա հետ շատ եմ հանդիպել, բայց սխալվում ա, որ մտածում ա երկրի նախագահ դառնալու մասին: Նա ինչքան էլ սիրի ժողովրդին, պետք ա խնայի մարդկանց, որ իր նման նախագահ չունենան: Նա գիտի, թե շատ խելոք ա եւ միշտ ճիշտ բաներ ա ասում»,-ասաց կուսակցության ղեկավարը: Խոսելով առաջիկա ընտրությունների մասին` Վարդան Պետրոսյանը ամփոփեց, որ եթե առաջիկա ընտրությունները դարձյալ ի վնաս Լեւոն Տեր-Պետրոսյանի կեղծվեն, ապա իրենք հնարավոր ամեն ինչ կանեն, որ հանրապետության նախագահ դառնա ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ գոնե Ռոբերտ Քոչարյանը:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս