«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը, որ հասել է 6 մլրդ դոլարի, գերազանցելով ՀՆԱ 50 տոկոսի սահմանագիծը, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին արդեն խոսում են միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները: Մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիին, երեկ խոսելով Հայաստանի պետական պարտքի չափի մասին, մի քանի ուշագրավ շեշտադրում է արել. «Մեր գնահատմամբ՝ պարտքի մակարդակը հարաբերականորեն ավելի բարձր է, բայց ներկայիս քաղաքականությունից ելնելով՝ այն դեռեւս տանելի է: Կառավարությունը պետք է այնպես անի, որ պետական պարտքը չհասնի այնպիսի մակարդակի, որ այն տանել չլինի»,- ասել է Հոսեյն Սամիին:
ԱՄՀ ներկայացուցիչը միաժամանակ կարեւորել է արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերը ճիշտ կառավարելու անհրաժեշտությունը: Նկատենք՝ որքան էլ ԱՄՀ պաշտոնյան արտաքուստ փորձել է հանգստացնել՝ ասելով, որ պարտքի մակարդակը դեռ տանելի է, միաժամանակ նրա հայտարարությունները պարտքի՝ հարաբերականորեն բարձր մակարդակի մասին, ինքնին խոսուն են: Եւ սրանից կառավարությունը պետք է լուրջ հետեւություններ անի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: