ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՈՒ ԳՆԱՑԻՆ ԿՐԿՆԱԿԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի մասով ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 9 քրեական գործ, որոնցով 6 անձի մեղադրանք է առաջադրվել: Նրանցից մեկը կալանավորվել է:

Տեղեկացնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար ապրիլի 2-ին՝ ժամը 08:15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս, սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները եւ կատարել իր քվեարկությունը: Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հայտնաբերվել է հանցափորձը, եւ Կաղզվանցյանը կալանավորվել է:
Մի քրեական գործ էլ հարուցվել է Սյունիքի մարզային քննչական վարչությունում: Թիվ 34/67 ընտրատեղամասում Արարատ Կարախանյանը մասնակցել է ԱԺ ընտրություններին: Սակայն որոշ ժամանակ անց` ժամը 19:53-ին, կրկին գնացել է ընտրատեղամաս` երկրորդ անգամ քվեարկելու համար, եւ բռնվել է:
Վայոց ձորի 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մուշեղ Մկրտչյանը եւս կրկնակի քվեարկության փորձ է արել: Նման մի դեպք էլ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 23/02 ընտրատեղամասում է գրանցվել:
Լոռու մարզի թիվ 25/20 ընտրատեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ գրանցված Գայանե Բարսեղյանն է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում` դարձյալ նույն հանցափորձի մասով:
Նշենք, որ այս բոլոր դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչություններում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի (հանցափորձ) եւ 153-րդ հոդվածի (կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու) հատկանիշներով: 6 անձի մեղադրանք է առաջադրվել, 1 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ եւ կալանավորվել է:
Իսկ հիմա անդրադառնանք ամենագլխավոր հարցին՝ ինչո՞ւ են նշված անձինք գնացել այդ քայլին, ով կամ ովքեր նրանց դրդեցին խախտել օրենքը:

Հանուն վարչապետի
Սյունիքի մարզի 34/67 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության գնացած Արարատ Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ քայլին գնացել է մեկ պատճառով. «Ձայնս առաջին անգամ որ գնացի, տվեցի Հանրապետականին, իսկ երկրորդ անգամ որ գնացի, էլի Հանրապետականին էի տալու: Գիտեք՝ մի քիչ խմած էի ու վարչապետի խոսքերից շատ էի ոգեւորվել: Ասեցի՝ լավ մարդ է, ու էլի գնացի, ձայնս տամ Հանրապետականին, այն էլ չեղավ, գնացի, ձեռքս տվեցի, մեկ էլ սարքի ձենը միացավ»:
Կարախանյանը խոստովանեց, որ չգիտեր` իր արարքը քրեորեն պատժելի է, թե չէ այդ քայլին չէր գնա: Նրան արդեն մի քանի անգամ կանչել են քննչական բաժին: «Ինչ Ձեզ եմ ասել, նույնն էլ իրենց եմ ասել, թե ոնց եղավ, որ տենց բան արեցի»,- պատմեց Արարատ Կարախանյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները նույնիսկ հետաքրքրվել են, թե կարո՞ղ է՝ որեւէ մեկը նրան դրդել է գնալ այդ քայլին: «Ինձ ո՞վ դրդի, ես սաղ օրը դաշտերում գլուխս կախ աշխատում եմ: Թե ինչո՞ւ այդպիսի բան արեցի, չհասկացա, ոնց ստացվեց: Հիմա մի բան հարցնեմ, քուրիկ ջա՛ն, ինձ կնստացնե՞ն, ես ուղղակի չգիտեի որ սենց կլինի: Այլեւս նման բան էլ չեմ անի»:

Էլի չհասկանալով
Լոռու մարզի թիվ 25/20 ընտրատեղամասում Գայանե Բարսեղյանը ժամը 20-ի սահմաններում փորձել է նորից գրանցվել` քվեարկելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասաց, թե չգիտի` ինչպես իր հետ նման բան պատահեց: «Հաստատ կարող եմ ասել, որ կրկնակի քվեարկության միտք չեմ ունեցել, ես լավ հասկանում եմ, որ դա անթույլատրելի բան է, բայց չհասկացա, թե իմ հետ ինչ կատարվեց: Ինձ հարցաքննել են: Այլ բան չեմ կարող ասել, ամուսինս վատ վիճակում է, եւ բժիշկները ներկա պահին եկել են մեր տուն, ցտեսությո՛ւն»:

Ընդդիմության կեղծարարը
Վայոց ձորի 36/25 ընտրատեղամասում էլ կրկնակի քվեարկության փորձ է արել ընդդիմության ներկայացուցիչը: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ Մուշեղ Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե. «Իմ հետ կատարվածը պատահականություն էր, երեք օր չէի քնել: Նախ մարտի 31-ին չէի քնել, ամսի մեկին էլ չհանգստացա, վստահված անձերի հետեւից գնալ-գալ նման բաներ: Ապրիլի 2-ին՝ 5:30, եղել եմ Չիվա համայնքում: Առավոտյան 9-ի կողմերն էր մասնակցեցի քվեարկության եւ քվեարկեցի «Կոնգրես-ՀԺԿ»-ի համար, շատ լարված էի այդ օրը: Անընդհատ ցուցակի մոտ, անընդհատ հետեւել էի ընտրության ընթացքին: Մեկ էլ հանձնաժողովի երեխեքը ասեցին, թե բա, չգնանք, մենք էլ քվեարկենք, ես էլ մեխանիկորեն գնացի: Այնքան էի հոգնել, որ մոռացել էի` առավոտյան արդեն քվեարկել եմ: Այդպես գնացի, անձնագիրս քաշեց սարքի վրա, մատս տվեցի, ու ազդանշանը միանգամից միացավ: Ես այդ պահին անմիջապես հիշեցի, որ մասնակցել էի: Արագ կանչեցի հանձնաժողովի նախագահ Աշոտին ու ասացի, որ շատ արագ արձանագրություն կազմի, քանի որ սխալվել եմ: Այդքան բան»:
Վերջինից տեղեկացանք, որ քննիչները կանչել են հարցաքննության, ստորագրություն են վերցրել, որ երկրից չբացակայի:

Ինչ է պատմել կալանավորվածը իրավապահներին
Իսկ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանն էլ առաջին անգամ թիվ 16/3 ընտրատեղամասում էր քվեարկության մասնակցել 08:15-ին: Ժամեր անց կրկին գնացել էր նույն ընտրատեղամաս եւ փորձել քվեարկել, բայց այս անգամ «բռնվել էր»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 16/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արտյոմ Գաբրիելյանն ասաց, որ ազդանշանը լսելուց անմիջապես հետո նրանք Կաղզվանցյանին հանձնել են իրավապահներին եւ չգիտեն, թե կրկնակի քվեակության ինչու էր գնացել:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Կաղզվանցյանը իրավապահներին հայտնել է, թե երկրորդ անգամ ընտրատեղամաս է գնացել մի նպատակով, որ համոզվի, թե արդյոք մատնահետքը հաստատող սարքը աշխատում է, եւ ինքը չի կարող կրկին քվեարկության մասնակցել: Ավելին՝ պարզեցինք, որ նա իրավապահներին ասել է` սարքը աշխատում է, բայց նա ձեռքը դրել է, որ համոզվի: Եւ ահա ազդանշանը միացել է, ու իրավապահները նրան ընտրատեղամասից հեռացրել են, իսկ ավելի ուշ կալանավորել: Ի դեպ, պարզեցինք, որ Ա. Կաղզվանցյանը Արմավիրում հայտնի է որպես ՀՀԿ-ի օգտին աշխատող անձ:
Այսպիսով, բնականաբար, բոլոր ընտրակեղծարարները, անկախ իրենց ունեցած հայացքներից, բռնվելուց հետո պետք է ինչ-որ պատմություններ հորինեն` թեկուզ անմեղսունակի կերպարով՝ պատասխանատվությունից ազատվելու համար: Իսկ իրականում հայտնի է, որ բոլորն էլ ձգտել են թեկուզ ընտրակեղծարարության միջոցով իրենց սիրելի ուժերի համար ձայն բերել: Ու այստեղ պատկերը հետաքրքիր է այն առումով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ քննչական կոմիտեն այնպիսի գործեր են «ընտրել»` քննելու, որպեսզի բազմազանություն ապահովեն, թե տեսեք` ընտրակեղծարարներ կան ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ «Ծառուկյան», ե՛ւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքներում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԹՎԵՐԸ` ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ
Հայաստանյան բժշկական կենտրոններում շարունակվում են նորածինների մահվան դեպքերը` հարուցելով քաղաքացիների դժգոհությունը եւ խորացնելով բժիշկների նկատմամբ անվստահությունը:
Ապրիլի 5-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր նորածին, եւ երեխայի հարազատները կրկին մեղադրում են բժիշկներին: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:
-Պարո՛ն Ալթունյան, հիվանդանոցներում նորածինների մահվան դեպքերը շարունակվում են, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, ի վերջո, Ձեր կողմից ստեղծված հանձնաժողովներն արդյունք չեն տալիս, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում:
-Մենք ոչ թե պետք է խոսենք մահվան լինելու կամ չլինելու մասին, այլ մահվան քանակի տոկոսների աճի կամ պակասելու մասին: Այսօր մենք Հայաստանում միտում ունենք պակասելու:
-Վիճակագրական տվյալները այլ բան են ասում, բայց առավել մտահոգիչ է պատասխանատվության հարցը:
-Բաղադրատոմսը մեկն է՝ ուսուցողական պլանները, ուսուցման, քննությունների վերահսկողության լավացում եւ, ի վերջո, դեղորայքի կատարելագործում:
-Հիմա կոնկրետ ի՞նչ եք անում Դուք, օրինակ, կան բժիշկներ, որոնք նախկինում ազատազրկման են դատապարտվել, բայց շարունակում են աշխատել եւ կրկին նրանց մեղադրում են նորածնի մահվան մեջ: Այս տարվա հունվարի 29-ին Արմավիրի ԲԿ-ում մահացել էր նորածին, եւ երեխայի ծնողները կատարվածում մեղադրում են Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկ, երկու անգամ դատապարտված Նշան Գեւորգյանին:
-Բայց ի՞նչ պետք է աներ:
-Չգիտե՞ք:
-Դուք կարող եք ասել՝ այս կամ այն դրույթներով, օրենքներով կամ ենթաօրենսդրական դրույթներով նախարարությունը կարող էր անել այս քայլը, բայց զլացել է:
-Փաստ է մեկ բան, որ մինչ օրս որեւէ բժիշկ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ պատժվածներն էլ պատժից հետո շարունակում են մարդկային կյանքեր խլել:
-Հասկանում եմ, բայց նախարարությունը կատարում է իր պարտականությունները՝ համաձայն ֆիքսված պլանով, նույնը անում է դատախազությունը, նույնը՝ քննչական մարմինները:
-Ապրիլի 27-ին ՀՀ կառավարությունը հրաժարական է տալիս, եւ Դուք լինելու եք ժամանակավոր պաշտոնակատար, նոր ձեւավորվելիք կառավարությունում Ձեզ տեսնո՞ւմ եք:
-Եթե իմ պլաններին հավանություն տան, միգուցե, այո՛:
-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ հավանության կարժանանա:
-Չեմ կարող ասել:
-Դուք Ձեզ ուզո՞ւմ եք տեսնել:
-Իհարկե, ուզում եմ:
Ի դեպ, 2016թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 411 դեպք, հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ ետծննդյան ժամանակահատվածում, 2016թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է մայրական մահացության 12 դեպք: Մինչդեռ 2014թ. մանկական մահացության դեպքերը եղել են 376-ը: Իսկ նախարար Ալթունյանն ասում է, թե պակասել են:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԱՆՆՇԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԱՊՀ պատվին հուշարձան պետք է կանգնեցնել, եթե այն լուծի Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի կամ Դոնբասի կոնֆլիկտները: Այս մասին «Միր» հեռուստաընկերությանն ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Խոսելով ԱՊՀ-ի ապագայի մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ առաջարկված բարեփոխումներն աննշան են ներկայիս խնդիրների ֆոնին:

 

 

400 ԿՐԱԿՈՑ
Ապրիլի 6-ին եւ լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց: Շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):




Լրահոս