ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղի ճամփեզրին նմանատիպ աղբավայրեր են գոյացել: Վրաստանի Հանրապետությանը սահմանակից Մեծավան մտնող ճանապարհին այսպիսի տեսարանների հաճախ կարելի է հանդիպել: Գյուղացիները շինարարական ու կենցաղային աղբը թափում են այնտեղ, որտեղ պատահի, իսկ գյուղապետարանն էլ փաստացի քայլեր չի ձեռնարկում՝ տարածքը մաքրելու ուղղությամբ: Ի դեպ, հենց աղբավայրի կողքով էլ հոսում է փոքր գետը, որը ոռոգում է տարածաշրջանի մի շարք հողատարածություններ ու այգիներ:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ Սուրբ Հարության՝ Զատիկի տոնը, ի՞նչ կարգով պետք է նշել հայկական ընտանիքներում:

Կարինե Միրզոյան (28 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այն պետք է նշել նախ եկեղեցում՝ մասնակցելով Ս. Պատարագին, հաղորդվելով Քրիստոսի փրկարար Մարմնին եւ Արյանը: Զատկական օրերին հարկ է հրավիրել քահանային՝ կատարելու տնօրհնեք: Զատկին հավկիթ են ներկում, պատրաստում են համեմատաբար թեթեւ ուտեստներ՝ հաշվի առնելով անցած պահքի տեւական լինելը: Ս. Հարության տոնը քրիստոնյաների համար մեծագույն տոներից է: Հարկ է նվերներ պատրաստել բարեկամներին, հարազատներին, այցելել եւ շնորհավորել «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով:
Ս. Հարության տոնը նաեւ Հարություն անունը կրողների եւ Հարությունյան գերդաստանների անվանակոչության օրն է:

Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեծ պահքից դուրս գալու համար պետք է ուտել թեթեւ կերակուրներ՝ խաշիլներ, կանաչեղեն, ձուկ, զատկական փլավ, կաթնամթերք:

 

 

 
ՀԱՐՑ. Քույրս ՌԴ-ի քաղաքացի է եւ ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Նա հիմա գտնվում է ՌԴ-ում: Խնդրում եմ ասեք՝ նա կարո՞ղ է առանց ՀՀ այցելելու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետների մասին է խոսքը: Որքա՞ն ժամանակ կտեւի այդ գործընթացը: Նշեմ, որ չունի այստեղի գրանցում, ունի միայն քաղաքացիություն:

Նարինե Գրիգորյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար անձը անձամբ կարող է դիմել օտարերկյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, ՀՀ-ում գտնվելու դեպքում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Քանի որ անձը ունի այլ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) ՀՀ անձնագիրը եւ դրա պատճենը.
3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
4) ամուսնության վկայականը (առկայության դեպքում) եւ դրա պատճենը.
5) իր երեխայի (երեխաների) ծննդյան վկայականը (վկայականները) եւ դրա պատճենը.
7) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.
8) ՌԴ անձնագիրը եւ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
9) տեղում լրացվում է դիմում հարցաթերթիկ:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար գանձվում է պետական տուրք 25.000 ՀՀ դրամի չափով:
Նյութերը սահմանված կարգով եզրակացության հետ ներկայացվում են ՀՀ նախագահի աշխատակազմ: ՀՀ նախագահի կողմից հրամանագրով լուծվում է անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հարցը: Ամբողջ գործընթացի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է 6-ամսյա ժամկետ:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մերժվելու դեպքում վարչությունը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է դիմումը ներկայացնողին:




Լրահոս