«ԱՅԼԵՎՍ ՉԵՄ ԿԻՍԵԼՈՒ ԻՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն երկարատեւ դադարից հետո որոշել է վերադառնալ թատրոն: Հանդիսատեսը նրան առաջիկայում կտեսնի անտերպրիզային ներկայացումներում: Ելենան «Ժողովուրդ»-ին պատմել է գործնական ծրագրերի մասին, խոսել է նաեւ անձնական կյանքից` խոստովանելով, որ այլեւս չի ցանկանում ոչ մտերիմների հետ կիսել իր երջանկությունը, քանի որ որոշ մարդիկ ներխուժում են իր կյանք եւ փորձում են խանգարել:

-Ելենա՛, տեղյակ ենք, որ ներկայանալու եք «Սահմանին» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում: Կպատմե՞ք այդ մասին: Առաջիկայում Ձեզ ուրիշ նոր դերերում կտեսնե՞նք:
-Այո՛, ես ընդգրկված եմ 20 մասանոց սերիալում, մարմնավորում եմ բժիշկ կապիտանի: Բացի այդ` հավանաբար ամռանը հանդիսատեսի դատին կհանձնվի իմ մասնակցությամբ «Կալիգուլա» ֆիլմը: Կա եւս մեկ նորություն. մայիսից սկսվելու են նոր սերիալի նկարահանումներ, սակայն այդ մասին մանրամասներ դեռ չեմ հայտնի: Կցանկանայի մի փոքր էլ խոսել թատրոնից: Ասեմ, որ վերադարձնում եմ այն, ինչ ժամանակին կորցրեցի` կապված հենց բեմի հետ: Թեեւ թատրոնն իմ մեջ միշտ եղել է ու կա, վերջին շրջանում բեմի հետ անմիջական կապս կտրվել էր: Բայց հիմա թատրոնում լինելու մեծ պահանջ եմ զգում, այնպես որ, առաջիկայում հանդիսատեսն ինձ կտեսնի անտերպրիզային ներկայացումներում:
-Դիրքերն ամրապնդելու խնդիր ունե՞ք, թե՞ պարզապես ստեղծագործական քաղցն եք բավարարում:
-Ես ոչ ոքի, նույնիսկ ինձ ապացուցելու բան չունեմ: Իհարկե, ձգտում եմ ավելի առաջ գնալ, միշտ մտածում եմ, որ կարող եմ ավելին անել: Բայց այս շրջանում գործնական առումով քայլերս կոնկրետ են ու ռեալ:
-Մի քիչ էլ խոսենք անձնականից: Հիմա այդ «ճակատում» ի՞նչ շրջան է:
-Ես այդ մասին որոշել եմ չխոսել, որովհետեւ հասկացել եմ, որ երջանկությունդ շատ քչերը կարող են կիսել քեզ հետ: Երբ ակնհայտորեն երեւում էր, որ ես ֆանտաստիկ երջանիկ եմ, իմ կյանքում կատարվեցին բաներ, որոնցից հետո հասկացա, որ չեմ ուզում իմ մասին խոսել, այլեւս իմ երջանկությունը չեմ կիսելու ոչ մտերիմների հետ:
-Կարեւորն այն է, որ Դուք, ինչպես հասկացա, հիմա երջանիկ եք:
-Ես միշտ եմ երջանիկ:
-Այսինքն` կարելի՞ է ենթադրել, որ մարդկանց նեգատիվ էներգիան խանգարել է Ձեզ:
-Փորձել են խանգարել, բայց ինձ կոտրել հնարավոր չէ: Կկոտրվեմ միայն այն դեպքում, երբ գոյություն չունենամ: Ես շատ բան եմ հասկացել եւ կաշխատեմ երկրորդ անգամ նույն սխալը թույլ չտալ: Մարդիկ շատ ավելի չար են, քան ես պատկերացնում էի: Այլեւս ոչ ոքի հաճույք չեմ պատճառի:
-Ճի՞շտ եմ հասկանում` փորձել են ներխուժել Ձեր անձնական կյա՞նք:
-Այո՛, փորձել են տարբեր ձեւերով: Ես թողել եմ, որ իրենք կայանան իրենց խոսակցությունների միջոցով, բայց ինձնից հեռու:
-Լավ, վերադառնալով գործնականին` հետաքրքիր է` առաջիկայում արտերկրի հետ կապված ծրագրեր կա՞ն:
-Այս պահին ոչ. բոլոր նախագծերը Հայաստանի հետ են կապված, եւ ես ուրախ եմ, որ այդպես է: Ինձ համար կարեւոր է Հայաստանում ինչ-որ բան անելը: Թե չէ այսօր բոլորը գնում են: Չեմ ճանաչում մեկին, ով չի փորձում, օրինակ, ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալ: Բոլորն ուզում են պահուստային տարբերակ ունենալ: Ես այդպես չեմ մտածում, թեեւ Հայաստանի հետ քաղաքական առումով հույսեր չեմ կապում: Ինձ ոչինչ չի ոգեւորում, հավատ չի ներշնչում: Նախանձում եմ այն մարդկանց, որոնք վերջին ընտրություններից հետո դեռ հույսեր են փայփայում, որ իրավիճակը մեր երկրում կլավանա: Չեմ ուզում այդ առումով սպասելիքներ ունենալ, այլապես երբ դրանք չեն արդարացվում, շատ ծանր եմ տանում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՆՏԱԺՆ ՈՒ «ՆՈՐ ԱԼԻՔԸ»

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթում այս տարի Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ` Սյուզաննա Մելքոնյանն ու Էռնա Միրզոյանը: Պարզվում է, սակայն, որ մեր հարեւան Ադրբեջանի սրտով չէ ծնունդով արցախցի Էռնայի մասնակցությունը մրցույթին: Ադրբեջանի արտաքին գործերի եւ մշակույթի ու զբոսաշրջության նախարարություններն ուսումնասիրում են այս հարցը: Հաղորդվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիեւը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ մրցույթում Էռնայի մասնակցությունը չեղարկելու համար:

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Էռնա Միրզոյանի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ: Նա նախ շեշտեց այն հանգամանքը, որ թեեւ Էռնան արցախցի է, բայց «Նոր ալիքին» մասնակցում է որպես Հայաստանի, ոչ թե Արցախի ներկայացուցիչ. «Ադրբեջանն իրավաբանորեն մեզ վրա «հարձակում» գործելու ոչ մի հիմք չունի: Ադրբեջանական կողմը կարող է բանեցնել միայն իրեն բնորոշ շանտաժ, բայց ես վստահ եմ, որ «Նոր ալիքը», ունենալով բարի համբավ, սկզբունքներ եւ տարիների փորձ, թույլ չի տա, որ որեւէ կերպ իր որոշումները փոփոխության ենթարկվեն: Իհարկե, Ադրբեջանի կողմից նման փորձեր լինելու են, եւ, անկեղծ ասած, ինձ զարմացրեց այդ երկրի ինքնավստահ կեցվածքը այս հարցի շուրջ: Այնուամենայնիվ, «Նոր ալիքը» չպետք է տեղի տա քաղաքական շանտաժներին»,-մեկնաբանեց պրոդյուսերը:
Նա նկատեց, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ 2017»-ին` Ուկրաինայի կողմից քաղաքական նույնատիպ մոտեցումների պատճառով (Ռուսաստանը ներկայացնելու էր երգչուհի Յուլյա Սամոյլովան, սակայն մարտի 22-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է նրա մուտքը երկիր, քանի որ երգչուհին 2015-ին համերգով հանդես է եկել բռնազավթված Ղրիմում՝ այդպիսով խախտելով ուկրաինական օրենքը-հեղ.). «Եթե Ռուսաստանն իր հանդեպ այդ վերաբերմունքը չի ընդունում, ուրեմն չպետք է նմանատիպ վերաբերմունք ցուցաբերի արցախցի ներկայացուցչի հանդեպ: Եվ, առհասարակ, արվեստն ու սպորտը բացարձակապես կապ չունեն քաղաքականության հետ: Լավ երգիչը մնում է լավ երգիչ` անկախ այն բանից՝ արցախցի է, ամերիկացի, թե աֆրիկացի»,-շեշտեց Լ. Քոչարյանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
2 ՀԱՄԵՐԳ ԿՈՒՆԵՆԱ
Հայտնի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը միանգամից երկու համերգ կտա Երեւանում։ Մայիսի 7-ին եւ 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում երաժիշտը կներկայացնի իր նոր` An Ancient Observer ալբոմը։ Ի դեպ, սկզբում հաղորդվում էր միայն մեկ համերգի մասին, սակայն հանդիսատեսի խնդրանքով կազմակերպիչները եւս մեկ օր ավելացրին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Համասյանը հրապարակել էր նոր ալբոմի թրեյլերը, որի ձայնագրությունը կատարվել է ամերիկյան Nonesuch Records-ի կողմից։

 

 

ՓՈՐՁԵՐԻ ՕՐԵՐԸ
Ինչպես հայտնի է՝ շուտով Կիեւում կմեկնարկի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը: Հայաստանն այս տարի կներկայացնի Արծվիկը՝ Fly with me երգով: Արդեն հայտնի են դարձել փորձերի օրերը: Wiwibloggs կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը կայանալու է մայիսի 1-ին: Արծվիկի երկրորդ փորձը մայիսի 5-ին է: Հիշեցնենք, որ Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում` մայիսի 9-ին: Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 11-ին է, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:

 

 

ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԿԻՆԸ
Ամերիկացի դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը People ամերիկյան հանդեսի վարկածով ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ կինը: «26 տարի է անցել այն ժամանակվանից, երբ Ջուլյա Ռոբերթսն առաջին անգամ հայտնվեց People¬ի համարի շապիկին, որը նվիրված էր «աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշին»,-գրում է հանդեսը: 49-ամյա դերասանուհին վերջին քառորդ դարի ընթացքում հինգերորդ անգամ է Երկրի ամենագրավիչ կինը ճանաչվել՝ ըստ People-ի ամենամյա վարկանիշի արդյունքների: «Հինգերորդ անգա՞մ: Դա անչափ հաճելի է»,-ասել է նա հանդեսին տված հարցազրույցում: Հարցին, թե արդյոք հուզվում է, Ռոբերթսը պատասխանել է. «Հիմա կսկսեմ հուզվել: Այնպես որ, կանգ առնենք այն բանի վրա, որ դա պարզապես հաճելի է»: Հիշեցնենք, որ 2016 թվականին People հանդեսը մոլորակի ամենագեղեցիկ կին էր ճանաչել ամերիկացի մեկ այլ դերասանուհու՝ Ջենիֆեր Էնիսթոնին:




Լրահոս