Արդեն 5 ամիս է, ինչ ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Եվրամիության գումարները շորթած հասարակական կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ: Ու մինչ իրավապահները փորձում են գտնել ԵՄ գումարները յուրացրած ՀԿ-ների ղեկավարներին, գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:
Ստացվում է, որ Եվրամիության գումարները շորթած ՀԿ-ների ղեկավարները միայնակ չէին կարող գործը գլուխ բերել, եւ նրանց այդ հարցում օգնել են ԵՄ հայաստանյան գրասենյակի աշխատակիցները: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ԵՄ դրամաշնորհների յուրացումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:
Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի մարտից կոմիտեում քննություն է գնում դրամաշնորհների յուրացման գործով:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Եվրամիությունը գումարներ է տրամադրել ՀՀ մի շարք հասարակական կազմակերպությունների` տարբեր ծրագրեր իրականցնելու համար, որոնք էլ ձեւական ծրագրեր էին ներկայացրել, թե իբր ուսանողների համար սեմինարներ են կազմակերպել՝ այդ ճանապարհով հափշտակելով խոշոր գումարներ: Եվրոպական գրանտները «կերել էին» «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը եւ այսպես շարունակ:
Մեղադրյալի աթոռին էին հայտնվել 10 անձ, որից երկուսի՝ «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Գյոնջյանի եւ Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Սակայն մինչ օրս` 5 ամիս անց, գործով դեռ տեղաշարժ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Եվրոպայից իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ են եկել Հայաստան եւ տեւական ժամանակ կմասնակցեն դրամաշնորհների յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը:
Այսինքն` գործն այնքան լուրջ է, որ «դրսից» մարդիկ են խառնվել: Հիշեցնենք, որ հափշտակված գումարի չափը հասնում է շուրջ 250 միլիոն դրամի: