Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոլացիոն գործընկերության քաղաքական համաձայնագիրը պատրաստ է, եւ այն չստորագրելու որեւէ պատճառ չկա, այնուամենայնիվ, ստորագրման գործընթացը ուշանում է:
Ի՞նչն է արհեստական ուշացման պատճառը, եւ հնարավոր է՝ կառավարությունում ավելի լայն հնարավորություններ տալու փոխարեն, Աժ-ում լրացվի այդ բացը. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, երկու կողմերն էլ հայտարարել են, որ քննարկումներն ավարտված են, եթե արդեն վերջնական հստակեցումներն արված են, ապա ինչո՞ւ է ձգձգվում ստորագրման արարողությունը:
-Ձգձգելու խնդիր չկա: Համաձայնագիրն առաջիկա օրերին կլինի, չեմ կարծում, որ որեւէ պրոբլեմ կառաջանա:
-Չեք կարծու՞մ, որ ուղղակի արհեստական ձգձգում եք այդ գործընթացը:
-Ո՛չ, չեմ կարծում, որովհետեւ օրենքով սահմանված ժամկետ կա, մայիսի 18-ին առաջին նիստն է, կարծում եմ, որ ամեն ինչ տրամաբանական է, օրենքի շրջանակներում է:
-ՀՅԴ-ից ինքնաբացարկի դիմումներ եք ներկայացրել երեք նախարարներով, հետեւաբար Դուք էլ հենց շարունակելու եք լինել գործադիրում: Ինչո՞ւ Դաշնակցության պորտֆելները չավելացան, ի՞նչ պատճառաբանությամբ: Կարծես թե այդպիսի հարց եւս բարձրաձայնվել է քննարկումների ժամանակ:
-Չկա այդպիսի խնդիր: Եթե Դուք մտադիր եք բանակցությունների մանրամասնությունների մասին ներկայացվի եւ հրապարակվի, վստահաբար այդ անձը ես չեմ:
-ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, ըստ էության, չի բացառել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՅԴ-ի «ջրերը մեկ առվով չեն հոսում»: Ի՞նչն է վարչապետի՝ այդպիսի տրամադրվածության պատճառը:
-Չկա այդպիսի խնդիր, աշխատանքային ընթացակարգ է, նորմալ հարաբերություններ են, չեմ կարծում, որ որեւէ արհեստական լարվածություն մտցնելու անհրաժեշտություն կա:
-Ըստ տեղեկությունների՝ կառավարությունում ՀՅԴ-ի հնարավորությունները չավելացնելու բացը կլրացվի ազգային ժողովում, եւ ՀՅԴ-ի արտոնությունները կավելացնեն խորհրդարանում: Ինչպե՞ս կպարզաբանեք նման լուրերը:
-Կգա օրը, եթե փաստը լինի, նոր կվերլուծեք:
-Հնարավո՞ր է՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի պաշտոնը տան ՀՅԴ-ին:
-Ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին այդպիսի հարց չկա օրակարգում:
-Իսկ բանակցությունների ընթացքում հարց բարձրացվե՞լ է՝ եւս մեկ պորտֆել ավելացնելու համար:
-Ներքին բանակցությունները ես մտադիր չեմ հրապարակել, առավել եւս, որ ես չեմ մասնակցել բանակցություններին: Երկրորդը՝ այդպիսի խնդիր չկա դրված, առավել եւս հարցադրում չկա արված, 50, 60 տոկոս պորտֆելներ եւ այլն, չկա այդպիսի իրավիճակ, հարցադրում, խնդիր:
Վահագն Հակոբյան