«Հանդիպել եմ պարոն Ծառուկյանին. ԱԺ-ում կլինեմ բացառապես նրա ցանկությամբ». Արտյոմ Ծառուկյանը պատրաստ է հրաժարվել մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ 12 հոգի դիմել էր ԿԸՀ`  ինքնաբացարկների դիմումները չեղյալ համարելու պահանջով: Նրանցից 8-ը մանդատ ստացել էր, սակայն նրանցից մի քանիսը հայտարարել են, որ պատրաստ են կրկին հրաժարվել: ArmLur.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց նաև Արտյոմ Ծառուկյանը, ով ևս այդ 8 անձանց թվում է:

– Դուք այն 12 թեկնածուների թվում էիք, ովքեր ԿԸՀ–ում հետ վերցրին ինքնաբացարկի դիմումները։  Ի՞նչ է տեղի ունեցել «Ծառուկյան» դաշինքում իրականում: Ինչ պայմանավորվածություններ են եղել Ձեզ հետ:

– Նախ ասեմ, որ ես ԲՀԿ-ի հիմնադրման ժամանակահատվածից հանդիսանում եմ այդ կուսակցության անդամը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանն անդամագրվել եմ, որովհետև նրա հիմնադիր նախագահը Գագիկ Ծառուկյանն է։ Իսկ ես հավատում ու վստահում եմ նրան։ 10 տարուց ավելի է ինչ կուսակցական եմ և մշտապես ականատեսն եմ եղել Գագիկ Ծառուկյանի` արդարության, ազնվության, խոսքի ու գործի կատարյալ համատեղությանը։ Իրապես շատ ուրախ եմ, որ այն քաղաքական թիմի ներկայացուցիչն եմ, որի ղեկավարը հենց պարոն Ծառուկյանն է։
Ինքնաբացարկի դիմումի մասով պետք է փաստեմ, որ չկա այնպիսի դիմում, որը տվյալ թեկնածուն ստորագրած չլինի։ Կարծում եմ բոլոր թեկնածուները հստակ գիտակցել են, թե ինչ փաստաթուղթ են ստորագրում և ինչի համար։ Պատգամավորական մանդատի ինքնաբացարկի դիմումից իմ կողմից հրաժարվելու մասով ցանկանում եմ հայտնել, որ դիմումը հետ եմ վերցրել կարծելով որ դա Գագիկ Ծառուկյանի ցանկությունն է։ Նույն օրը հանդիպել եմ պարոն Ծառուկյանին և զրուցել նրա հետ։

 – Ձեր հետագա անելիքները որո՞նք են լինելու: Հնարավո՞ր է որոշեք հրաժարվել մանդատից: Եթե Գագիկ Ծառուկյանը Ձեզ ասի հրաժարվեք մանդատից, կհրաժարվե՞ք:

– Մանդատ ստանալը ինձ համար ինքնանպատակ չի, իրականությունից հեռու են այն լուրերըՙ որ արդեն մի քանի օր է շրջանառվում են մամուլում։ Ես Ազգային Ժողովում կլինեմ և օրինաստեղծ աշխատանքով կզբաղվեմ բացառապես Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ և նրա որոշմամբ։ Հակառակ պարագայում ԱԺ առաջին իսկ նիստին պատրաստ եմ ԱԺ կանոնակարգ օրենքի 13 հոդվածի համաձայն դիմում ներկայացնելու և հրաժարվելու մանդատից։ Անկախ բոլոր զարգացումներից մի գիտելիքներով և ներուժով մշտապես կանգնած եմ ու կանգնելու եմ Ծառուկյանի կողքին։

Հիշեցնենք, որ ինքնաբացարկների դիմումների հրապարակումից հետո  դաշինքից  12 հոգի դիմել էր`  այն չեղարկելու պահանջով: Սակայն դրանից հետո Արարատ Զուրաբյանը հայտարարել է դրանից հրաժարվելու մասինՙ իսկ Վահան Կարապետյանն ու Նապոլեոն Ազիզյանն էլ նշել են, թե Գագիկ Ծառուկյանի ասելու պարագայում ևս այդպես կվարվեն:




Լրահոս