Տարածված կարծիք կա, որ հայտնի կանանցից շատերը, բացի հագուստի խանութներից ու թանկարժեք բուտիկներից, չեն գնում սննդի կամ որեւէ այլ առեւտրի կենտրոն: Բայց արի ու տես, որ նրանց կարելի է հանդիպել, օրինակ, մարկետներից մեկում կամ դեղատանը: Երգչուհի Ալլա Լեւոնյանն այն կանանցից է, որն, իր ասելով, ամուսնու օգնությամբ ազատված է գնումներ կատարելուց, բայց, այնուամենայնիվ, ինքն էլ խնդիրներ ունի: – Հայ կինը, բնականաբար, կարող է շատ խնդիրներ ունենալ: Բայց բոլոր կանայք էլ ուզում են, որ իրենց ընտանիքը կայուն լինի: Հայ կինը, դրա հետ կապված, առանձնահատուկ շեշտադրում ունի:- Խոսքս սոցիալական բնույթի խնդիրների մասին է:- Հավատացե՛ք, որ սոցիալական խնդիրները միայն Հայաստանում չեն: Իսկ նրանք, ովքեր ավելի ապահովված են, այդքան էլ մտածելու բան չունեն: – Դուք խնդիրներ ունեցո՞ղ, թե՞ չունեցող կանանց դասին եք պատկանում:- Ես կին եմ, որը, փառք Աստծո, շատ խնդիրներից ազատված է, բայց էլի ունի խնդիրներ: Երբ ամեն առավոտ արթնանում եմ, մտածում եմ` երեխաներս լավ լինեն, պատերազմ չլինի, որ շատ վատ օրեր չտեսնենք: Աստված չանի` պատերազմ լինի: Եթե իմ հարազատը, բարեկամը, եղբայրը, ամուսինը պետք է պատերազմ գնա, էլ ի՞նչ անխնդիր կյանքի մասին կարելի է խոսել: Ամեն լույսը բացվելուց խնդրում եմ, որ պատերազմ չլինի:- Ինչպե՞ս եք վերաբերում Ղարաբաղի հիմնախնդրին:- Չգիտեմ, թե ինչ է արվում, տեղեկացված չեմ: Իմ հյուրախաղերը շատ են, անընդհատ գնում-գալիս եմ, չեմ էլ փորձում մտնել քաղաքականության մեջ, հավատացե՛ք: Բայց կարծում եմ, որ իշխանություններն ամեն ինչ անում են պատերազմից խուսափելու համար: Լավ են անում, թե վատ, արդեն չգիտեմ:- Ո՞վ է կատարում Ձեր տան գնումները: – Ամուսինս մեծ հոգսերն իր վրա է վերցնում: Բայց ոչ թե նրա համար, որ ես համարում եմ, որ չպետք է գնամ խանութ, այլ որ կարծում է` մի քիչ տգեղ է, որ ես այդ ծանրությունը ձեռքս բռնած շրջեմ: Բոլորս էլ գիտենք` ինչպիսին ենք մենք առօրյայում, հաստատ աստղային կյանքով չենք ապրում: Աստղն ապրում է Ամերիկայում, ում ոչ ոք չի տեսնում: Մենք աստղի կարգավիճակով չենք ապրում, ամոթ էլ է, որ անընդհատ աստղ են ասում: Մենք տարբերվում ենք նրանով, որ մեկս կարողանում է երգել, մյուսը` դերասանություն անել կամ պարել, բայց բոլորիս կենցաղը համարյա նույնն է: Չնայած լինում են դեպքեր, երբ ամուսինս ասում է, որ ուշ է գալու, ես էլ մտնում եմ խանութ եւ գնում այն, ինչ հարկավոր է: Սիրում եմ իմ կենցաղը ինքս դասավորել, չեմ ուզում, որ իմ տանը, ինձնից բացի, լինի մի ուրիշ կին: Ես գերադասում եմ գիշերը ուշ քնել, բայց իմ ուզածով դասավորել իմ տունը: Այլ խնդիր է, երբ ամիսը մեկ գալիս է մի կին, որը պատուհան է մաքրում: Դա ընդամենը 5000 դրամի պատմություն է: Կան կանայք, որոնք չեն աշխատում ու չեն էլ մտածում իրենց կենցաղային հոգսերն ինքնուրույն հոգալու մասին:- Ճիշտ է, առեւտուր շատ չեք անում, բայց նկատե՞լ եք գնաճը:- Ես չեմ նկատել, բայց դրա մասին շատ է խոսվում: Արտերկրում ընկերներ ունեմ, որոնք էլ են զարմացած, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում: Շատ բան է փոխվել, ուղղակի մեր դեպքում մենք այս իրավիճակը շատ ավելի ենք զգում, քանի որ տնտեսապես այդքան էլ ապահով չենք:- Գործազրկության քանակն էլ է մեծ:- Մեր երկիրը շատ փոքր է, բոլորն իրար ճանաչում են, աշխատանքի են ընդունում իրենց ծանոթներին: Արդյունքում դա հանգեցնում է նրան, որ բոլոր բնագավառներում խախտումներ են տեղի ունենում: – Երգարվեստի եւ առհասարակ արվեստի շատ ներկայացուցիչներ պնդում են, որ «կրիզիս» կոչվածը իրենց հոնորարների վրա էլ է ազդել: – Իհարկե, ազդել է այնքանով, որ համերգներ չկան ո՛չ դրսում, ո՛չ այստեղ: Երկու տարի առաջ շատ համերգներ են եղել, որոնց մասնակցելուց հրաժարվել եմ: Բայց հիմա, միգուցե, մասնակցեմ: Համերգները մեզ համար էլ են կարեւոր, մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում փող աշխատել: Ապրիլ-մայիս ամիսներին ես ունեմ 3 հյուրախաղ տարբեր երկրներում: Դա բավականին մեծ բան է: Բայց, միեւնույն է, եթե իրավիճակը համեմատում եմ անցած տարիների հետ, ապա էլի քիչ է: Մարդկանց հետաքրքրությունն է կորել, այնքան շատ պրոպագանդեցին սկսնակներին, որ մարդիկ հոգնեցին:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ՃԳՆԱԺԱՄՆ ԱԶԴԵԼ Է ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ