Փոքր բոնուս` ԵՄ պաշտոնյաներին սիրաշահելու համար. ի՞նչ սպասել ԱԺ-ում Եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեցերորդ գումարման Ազգային ժողովում նախկին 12 հանձնաժողովների փոխարեն այսուհետ կգործեն 9 մշտական հանձնաժողովներ: Երեկ հայտնի դարձավ, որ փակվող հանձնաժողովների շարքում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: Այն, ըստ էության, միավորվում է պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հետ, ինչը երեկ բուռն քննարկումների առիթ դարձավ խորհրդարանում:

Փոխարենը շատերի համար անսպասելիորեն որոշվեց պահպանել Եվրաինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովը: Այն, հիշեցնենք, անցած գումարման Ազգային ժողովի ողջ գործունեության ընթացքում ոչ մի անգամ նիստ չէր գումարել:

Ու թեեւ այս հանձնաժողովը ղեկավարած Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ հանձնաժողովը բավականին արդյունավետ աշխատել է, պարզապես կատարված գործը շատ չի հրապարակայնացվել, այնուամենայնիվ, կարծիք կար, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ խորհրդարանում Եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովը շարունակում է իներցիայով գործել՝ այն լուծարելով ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար:

Ավելին՝ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո խոսվում էր նոր՝ Եվրասիական ինտեգրացիայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին:
Եվ հիմա՝ նոր խորհրդարանում Եվրաինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի պահպանումը կարելի է դիտարկել որպես քաղաքական ուղերձ՝ նոյեմբերին ԵՄ հետ ստորագրվելիք նոր՝ խորը եւ համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումից առաջ: Անշուշտ, այս ուղերձը կարող է լինել հուսադրող, եթե, իհարկե, Հայաստանը շարունակի ԵՄ հետ ինտեգրացիոն քաղաքականության խորացումը, եւ չկրկնվի 2013թ. Վիլնյուսի գագաթնաժողովի պատմությունը:

Հատկապես որ ստորագրվելիք փաստաթուղթն ինքնին շատ ավելի ցածր աստիճանի ինտեգրացիա է ենթադրում, քան այն, ինչ խոստացվում էր 2013-ին բանակցված եւ նախաստորագրման պատրաստ Ասոցացման համաձայնագրով:

Ամեն դեպքում, Հայաստանի ինքնիշխանությունը վերջին տասնամյակում այն աստիճանի կախվածության մեջ է Կրեմլից, որ անգամ ԱԺ-ում Եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովի գոյությունը կարելի է լուրջ քայլ համարել: Այլ խնդիր է՝ դա արվել է հյուսիսից պաշտոնապես թույլտվություն ստանալուց հետո, թե քաղաքական խիզախության արդյունքում, որի դիմաց առաջիկայում կարող են լինել եղբայրական «ապտակներ» ՀՀ իշխանություններին:

Նկատի առնելով այս հանձնաժողովի նոմինալ գոյությունը եւ փաստի անգործությունը նախկինում՝ կարող ենք ասել, որ սա կարող է լինել փոքրիկ բոնուս ՀՀ իշխանություններին՝ սիրաշահելու տասնյակ միլիոնների վարկեր խոստացող ԵՄ պաշտոնյաներին: Ի վերջո, հենց նույն Կրեմլում էլ հասկանում են. եթե իրենք ֆորպոստին փող չեն տալիս, պետք է չփակեն գոնե այլ խողովակներով փող ստանալու հնարավորությունը, այլապես կարող են լինել անկառավարելի զարգացումներ:




Լրահոս