ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ազատամարտիկ տղա եմ, ուզում եմ`  սփյուռքի  նախարարից ճշտեք, թե  ինչու է նա  խտրականություն դնում սփյուռքահայերի միջեւ: Մեկ ասում էր «Արի տուն», իսկ Շուշիի  առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին, որ  տարիներ առաջ իր կամքով էր եկել մանակցել հայրենիքի պաշտպանությանը, ՀՀ  քաղաքացիություն չեն տալիս:ՎԱՐԴԱՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ, 54 տարեկան ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին էլետկրոնային փոստով ուղղված Ձեր գրության` հայտնում ենք, որ մինչ Ձեր նամակը նույն հարցով բազմիցս մեզ են դիմել տարբեր անհատներ եւ հասարակական կազմակերպություններ, եւ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տեղեկացվել է, որ  Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սէֆիլյանի` ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրով պետք է դիմել այդ ոլորտի պետական իրավասու մարմիններին:  Իսկ ինչ վերաբերում է սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» ծրագիրն, տեղեկացնում ենք, որ ծրագիրն ունի հայապահպան առաքելություն, նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, ձեւավորել սեփական արմատներին տեղեկացված հպարտ հայ սերունդ: Ծրագրի իրականացմանը  մասնակցում են սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-20 տարեկան հարյուրավոր երիտասարդներ, որոնք երկու շաբաթ հյուրընկալվում են հայաստանյան ընտանիքներում, նրանց համար կազմակերպվում են մշակութային, կրթական եւ ճանաչողական միջոցառումներ: Ստեփան  Պետրոսյան, ՀՀ սփյուռքի   նախարարի տեղակալ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե ով է «այդ ոլորտի պետական իրավասու մարմին»-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունը չի պատասխանել: Իհարկե, կարող էր ասել, որ կա անձնագրերի եւ վիզաների վարչություն կամ որեւէ այլ կառույց: Բայց ինչո՞ւ սփյուռքի նախարարը որեւէ քայլ չի արել սփյուռքահայի իրավունքները վերականգնելու համար: Ո՞վ է Հրանուշ Հակոբյանին արգելում զբաղվել այդ խնդրով:




Լրահոս