ArmLur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գիշերը ժամը 03:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի արդյունքում վնասվել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի վարդենիսցի աշխատակից, երկրաբան Հակոբ Սիմոնյանի` առավել հայտնի Պստի Հակոբ անունով, ավտոմեքենան: Վարդենիսցիներն ասում են, որ «մեքենայից բան չի մնացել»:
Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների` պայթյունից տուժել է նաև Սիմոնյանի աշխատակցի տունը. ապակիներ են կոտրվել:
Տուժողներ չկան:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235-րդ հոդվածի հատկանիշներով: Այն է՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ինչպես նաև ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու, և հանձնարարություն է տրվել ոստիկանության աշխատակիցներին ձեռնարկել հետախուզական միջոցառումներ` կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: