ՖՈՏՈ. Վանաձորի Մշակույթի պալատի շենքը փլվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի վթարային շենքի վիճակը գնալով ավելի է վատանում: Արդեն տեւական ժամանակ է, ինչ շենքի տանիքից ու պատերից քարեր են թափվում: Աշխատակիցները ժապավեններով դեռ ամիսներ առաջ սահմանազատել են շենքի առավել վտանգավոր հատվածները, բայց դա հարցի լուծում չէ, քանի որ հնարավոր չէ մշտապես վերահսկել տարածքը, երեխաների մուտք ու ելքը:

Մշակույթի պալատի տնօրեն Արմեն Ներսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ խնդիրը ունի տարիների պատմություն, իսկ այս տարի արդեն առավել արտահայտված է դարձել:

«Փորձել ենք սեփական ու ընկերական միջոցներով խնդիրներին լուծում տալ, բայց սա մեծ խնդիր է, որի լուծման համար մեծ գումարներ են պետք»,- ասաց Արմեն Ներսիսյանը:

Մշակույթի պալատի շենքը շահագործման է հանձնվել 11 տարի առաջ ու այս կարճ ժամանակահատվածում արդեն զգալի խնդիրներ կան: Բացի հիմնապատերի խնդրից՝ խիստ ուշադրության կարիք ունի նաեւ շենքի կոյուղին, որը սխալ է գործում շահագործման օրից, այն պետք է հիմնավորապես փոխվի:

Աշխատակիցների խոսքով՝ մասնագիտական եզրակացության համաձայն՝ շենքի պատերի, առաստաղի ու կոյուղու խնդիրը անորակ շինարարության հետեւանք է: Տնօրենի խոսքով՝ դիմել են Վանաձորի քաղաքապետարան, եկել, ուսումնասիրել են ու խոստացել այս տարի կոնկրետ քայլեր ձեռնարկել:

«Խոստացել են վերանորոգման պրոցեսը սկսել այս տարի, խնդիրներ կան կոյուղու հետ կապված, ճիշտ է՝ երկրաշարժից հետո ամրացված շենք է համարվում, բայց ինքը ընդհանուր առմամբ շատ պռոբլեմատիկ շենք է»:

Տնօրեն Արմեն Ներսիսյանը նշեց, որ տարիներ շարունակ առաջացող մանր ու մեծ խնդիրներին փորձել են լուծում տալ սեփական ուժերով ու միջոցներով, հիմնական նորոգում չանելու հետեւանքով էլ հիմնապատերի ու տանիքի անբարեկարգ վիճակն է՛լ ավելի է վատթարացել: Բարեկարգման կարիք ունեն նաեւ կառույցի նկուղային հարկն ու պատուհանները: Ու մինչ ամիսներ շարունակ համապատասխան կառույցները փորձում են լուծման համար միջոցներ հայթայթել, օր օրի շենքի վիճակն է՛լ ավելի վթարային է դառնում:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս