«Ոչխարների խուզում» Սյունիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում անցկացվեց «Ոչխարների խուզում» երրորդ փառատոնը։

Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի եւ Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաեւ նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2000 մարդ: ««Ոչխարների խուզում» փառատոնը  վերածվում է ավանդական միջոցառման: Փառատոնը համայնքային կյանքն աշխուժացնելու, մոռացված ավանդույթները վերհիշելու ու մարզերի տեղական արտադրանքը զբոսաշրջիկներին ներկայացնելու հնարավորություն է տալիս։ Ուրախալի է, որ շատ զբոսաշրջային ընկերություններ փառատոնը ներառում են իրենց առաջարկներում։

Սա վկայում է այն մասին, որ այս միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է», – ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը: Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, սպորտային միջոցառումներ, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրին Վայոց Ձորի եւ Սյունիքի համայնքների արտադրողները: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ճաշատեսակներ:

«2008թ. սկսած Ռազմավարական Զարգացման Գործակալությունը, Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Անասնապահական Զարգացման» ծրագիր Սյունիքի, իսկ 2014թ.-ից՝ նաև Վայոց Ձորի մարզում։ Ծրագրի շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված ֆերմերների գիտելիքների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև համայնքային արոտավայրերի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Այս համատեքստում կարևորում ենք «Ոչխարների Խուզում» փառատոնի կազմակերպումը, որը հնարավորություն է ընձեռում մեր շահառու համայնքներին ներկայացնել իրենց արտադրանքը, շփվել միմյանց հետ և բարձրացնել իրենց մարզի զբոսաշրջային գրավչությունը»,- նշել է «Անասնապահական Զարգացման» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունանը: «Ոչխարների խուզում» երկրորդ փառատոնն անցկացվել էր 2015թ․-ին՝ Տաթեւի Հալիձոր կայանում։ Դրան մասնակցել էր ավելի քան 3000 մարդ, այդ թվում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսպանիայից, Բելգիայից։




Լրահոս