Բաղրամյան 26-ի հաճախորդաց սցենար. «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այժմ ձգտում են սահուն անցում կատարել ավտորիտարիզմից (ղեկավարվող ժողովրդավարությունից) դեպի կոշտ, առավել դիկտատորական ռեժիմ: Այս անցումն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության շղարշը, որի բաղկացուցիչ մասն է կազմում նախապես սցենարով համալրված «խորհրդարանական ընդդիմությունը»:

Սահուն անցումն ապահովելու եւ ժողովրդավարություն խաղալու համար Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին խիստ անհրաժեշտ են «ընդդիմադիրների» մասնակցությամբ արարողակարգային տեսարանները, որոնցից մեկը «երդմնակալության» անվան տակ բեմադրվեց սույն թվականի հունիսի 12-ին` Երեւանի Արգիշտի 1 հասցեում: Ներկայացմանը եւ խրախճանքին, որը կազմակերպվել էր հանրային գումարներով, մասնացում էին Բաղրամյան 26-ի մեծաքանակ հաճախորդներ, այդ թվում նաեւ` իրեն «ընդդիմադիր» հռչակած խմբակը: Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացված «երդմնակալության» արարողության մասնակիցներն ի ցույց դրեցին հրեշավոր ծրագրի` գործուն ընդդիմադիրի անվան տակ քողարկված սպասարկուներին: Երեւանի քաղաքապետարանում` Բաղրամյան 26-ի «երդմնակալությանը» ներկա գտնվելու եւ մասնակցելու իրողությունները գաղտնազերծում են բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներին:
Նախօրեին էլ` Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ դահլիճում չգտնվելու միջոցով լռակյաց ընդունումը հայրենի բնօրրանի տարածքների հանձնման պատրաստակամության մասին դավաճանական հայտարարության, այդ հայտարարությանը չարձագանքելը եւ դա հանրությանը որպես «բոյկոտ» մատուցելը, «Սասնա ծռեր» հերոսախմբի գործողություններում քրեական հանցակազմ տեսնելու մասին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության հասցեին հնչեցրած որակումները նույնպես մասն են կազմում Բաղրամյան 26-ի հաճախորդաց սցենարի:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը`
• Դատապարտում է «ընդդիմադիր» անվան տակ գործող խմբակի մատուցած ծառայությունները Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին:
• «Սասնա ծռեր» խմբի անդամներին ճանաչում է որպես քաղաքական բանտարկյալների:
• Հայկական պետականության ներկայիս շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք կազմող մեկ անտրոհելի ռազմա-քաղաքական ամբողջականության որեւիցե ձեւով սակարկումը Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի եւ նրանց հաճախորդաց խմբի կողմից ճանաչում է որպես ոճրագործություն հայ ժողովրդի դեմ»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
Երեւան




Լրահոս