ՀՀ Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղում այսօր տեղացած կարկուտից տուժել են ոչ միայն մշակաբույսերը, այլեւ վնասվել են մարդկանց ավտոմեքենաներն ու տների պատուհանները: Արեւուտի գյուղապետ Ֆայզո Ամոյանը ArmLur.am-ի հետ զրույցում ցավով նկատեց, որ մարդիկ այժմ անելանելի վիճակում են գտնվում, իսկ մարզպետարանից դեռ ոչ ոք չի եկել գյուղ:
«Ահավոր վիճակ է, մենք ունեինք 60 հա գարի, պտղատու ծառեր, բայց դրանք 100 տոկոսով վնասվել են: Մարդկանց տների պատուհաններն են վնասվել, կոտրվել են: Աննկարագրելի է, նույնիսկ ավտոմեքենաների դիմապակին ու լուսարձակներն է կոտրվել»,- ներկայացրեց գյուղապետը: Ըստ գյուղապետի` Արեւուտում այսօրվա տեղացած կարկուտից տուժել է 32 ընտանիք: «Մարզպետարանից դեռ ոչ ոք չի եկել գյուղ, բայց տեղյակ են կատարվածից: Մեր գյուղի ճանապարհն էլ այդքան երթեւեկելի չէ, որ փակեն անարդյունք կլինի»,- հուսահատված նշեց գյուղապետ Ֆ. Ամոյանը: