2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը: Արտերկրից Բագրատաշենի անցակետով Հայաստան մտնող եւ այդ անցակետով Հայաստանից բեռներ տեղափոխող խոշոր բեռնատարներն այդ պատճառով երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով, այդ ճանապարհի ծանրաբեռնվածությունը խիստ մեծացել է:
Հիշեցնենք, որ նշված ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Իջեւան շրջանցիկ ճանապարհը կառուցվել է 2001-2002 թվականներին, այդ ճանապարհի պիտանելիության ժամկետը 10 տարի էր: Բարոյապես եւ ֆիզիկապես մաշված ճանապարհի շատ հատվածներ մինչեւ 40 տոննա բեռնված ֆուռերի ճնշման տակ շարքից դուրս են եկել: Եւ այսօր ճանապարհը հիմնանորոգման կարիք ունի: Սակայն Ադրբեջանի հետ սահմանագոտին շրջանցող, 11 կմ երկարություն ունեցող այդ ճանապահին ներկայումս ոչ թե հիմնանորոգման, այլ առանձին հատվածների նորոգում է իրականացվում, ճանապարհը «կարկատվում է»:
Դա խնդրի լուծում չէ, քանի որ շրջանցիկ ճանապարհի հողե հիմքը թույլ է, խոշոր բեռնատարները իրենց ծանրությամբ քանդում են այն, ճանապարհի շատ տեղերում իջվածքներ են գոյանում: Շրջացիկ ուղու «կարկատանները» եւս շուտով շարքից դուրս կգան, եւ հարկ կլինի մաշված ճանապարհին նոր «կարկատաններ» անելու: Ու ստացվում է, որ պետական բյուջեի միջոցները հերիքում են տարբեր ծախսերի, օրինակ, դատախազության աշխատողներին իրենց տոնի առիթով ֆինանսական պարգեւատրում կազմակերպելու համար, սակայն ռազմավարական նշանակություն ունեցող Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը նորոգելու համար փող չկա:
Ոսկան Սարգսյան
Տավուշ