Տեղի ունեցավ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճյանի քանդակների ցուցահանդեսի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճյանի քանդակների ցուցահանդեսի բացումը:

Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և շնորհավորեց արվեստասեր հանրությանը կանադահայ քանդակագործի անհատական ցուցահանդեսի բացման առթիվ: «Հուսով եմ՝ Մկրտիչ Տարագեճյանի արվեստի ուժն ու գեղեցկությունը այս ցուցահանդեսի այցելուները դեռ երկար կհիշեն ու կզգան»,-նշեց Սերժ Սրապիոնյանը:

Քանդակագործը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը գործուն աջակցության համար և մասնավորապես ասաց. «Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում, և ես ուրախ եմ, որ իմ քանդակներից մի քանիսն արդեն այստեղ գտել են իրենց մշտական հասցեները՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և այլն:

Ես մասնագիտությամբ բժիշկ եմ, սակայն ինձ միշտ ձգել է արվեստի ամենազոր ուժը, նկարել եմ տարիներ շարունակ, ապա հմտացել քանդակագործության մեջ: Այսօր զբաղվում եմ միայն քանդակագործությամբ»:

Մկրտիչ Տարագեճյանի քանդակները գտնվում են նաև Կանադայում և ԱՄՆ-ում: Քանդակագործի հեղինակած հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանը տեղադրվել է Օտտավա քաղաքի կենտրոնական հատվածում, իսկ «Ընթերցողը» քանդակը` Մոնրեալի քաղաքապետարանի հանրային գրադարանի առջև:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի օգոստոսի 3-ից 17-ը:




Լրահոս