Վանաձոր քաղաքի Սիվաշան թաղամասի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը փակման եզրին է: Թաղամասը N զորամասի տարածքում է, դպրոց այս տարի պետք է հաճախեր 31 աշակերտ: Աշակերտներից եթե ոչ բոլորը, ապա զգալի մասը զինվորականների երեխաներ են:
Շուրջ 30 տարի գործող դպրոցը որոշել են միավորել Տարոն 2 թաղամասում գործող թիվ 28 դպրոցին: Աշակերտների ծնողներն ու դպրոցի կոլեկտիվը դեմ է դպրոցի միավորմանը, ինչի հետ կապված բաց նամակով դիմել են նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին` խնդրելով քայլեր ձեռնարկել թաղամասի՝ դպրոցի պահպանման գործում:
ArmLur.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում Սիվաշավան թաղամասի հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Խարազյանի խոսքով՝ խնդրի հետ կապված այսօր հանդիպելու են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, չնայած որ կասկածում են, թե խնդրին դրական լուծում կտրվի ու դպրոցը կշարունակի գործել.
«Թաղամասում այսօր շենքեր են կառուցվում, վերաբնակեցում է արվում, յուրաքանչյուր շենք 43 բնակարան ունի, որից գոնե կեսում դպրոցահասակ երեխաներ կլինեն: Այսօր ասում են, թե ապահովելու են երեխաներին տրնասպոտով, աշակերտների թիվը հիմա 30 է, վաղը որ դարձավ 130, այդ ժամանակ ի՞նչ են անելու»,- ասաց տնօրենը:
Դպրոցն ունի 24 աշխատակից, որից 18-ը մանկավարժներ են: Թե որտեղ են շարունակելու աշխատել սեպտեմբերի մեկից, տնօրենը չգիտի. որևէ բան մինչ օրս հստակ չի ասվել իրենց. «Ասում են` մտածում ենք այդ ուղղությամբ»:
Տնօրենի խոսքով՝ խնդրի հետ կապված դիմել են բազմաթիվ կառույցների ու անհատների, բոլորից սակայն միևնույն պատասխանն է ստացվել՝ դիմեք մարզպետին:
Էդվարդ Արզումանյան
Լոռի