Այս պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր ռիթմով ու տեմպով. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ։

«Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ,

Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, եւ այդ պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց եւ բացահայտելու են գիտելիքների նոր ու զարմանահրաշ աշխարհներ:

Գիտելիքի կարեւորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր ընտանիքում եւ թե՛ ողջ հասարակության մեջ: Կարեւոր եմ համարում, սակայն, Հայաստանի կրթական համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների եւ դրանց ընթացքի մասին լուրջ հասարակական քննարկումները, քանի որ ժամանակներն ու նրանց պահանջներն անընդհատ փոփոխվում են, իսկ մենք միշտ պետք է լինենք արդիական:

Մեր աշակերտների եւ ուսանողների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում, իհարկե, մեզ ոգեւորում են եւ հուշում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց մեզ համար ավելի կարեւոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ են դպրոցների եւ համալսարանների այնպիսի շրջանավարտներ, ովքեր մրցունակ կլինեն եւ իրենց տեղը կգտնեն կյանքում ու աշխատանքում:

Մաղթում եմ, որ բոլորս միասին զինվենք նոր գիտելիքներով եւ դառնանք ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»»:




Լրահոս