«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ձեւավորվել է Արցախի նոր կառավարության կազմը: Ինչպես հայտնի է՝ արդեն նոր Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը լինելու է ոչ թե վարչապետը, այլ պետական նախարարը: Այդ պաշտոնում նշանակվել է արդեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Թերեւս շատերին զարմացրել է Կարեն Միրզոյանի չվերանշանակվելը:
Նրա փոխարեն արտաքին գործերի նախարար է նշանակվել նախկին նախարար Մասիս Մայիլյանը, ով նախկինում զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը: 2016 թվականից Մայիլյանը զբաղեցնում էր հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը:
Կարեն Միրզոյանն արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատերի համար իսկապես անակնկալ էր այդ պաշտոնում նրա չվերանշանակվելու հանգամանքը: Առավել եւս անակնկալ է եղել այդ պաշտոնում Մասիս Մայիլյանի նշանակումը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կարեն Միրզոյանի աշխատանքից Արցախի ղեկավարությունն այս ընթացքում գոհ է եղել, եւ հենց դրանով է պայմանավորված, որ նա առաջիկայում ամենայն հավանականությամբ նոր պաշտոն կստանա»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: