«Ժողովուրդ»-ը «Մեա կուլպա 2»-ի, շոուբիզնեսցիներին վաստակավոր արտիստի կոչումներ շռայլելու, փառքի եւ փողի ետեւից վազողների՝ մշակույթի ոլորտ մուտք գործելու մասին զրուցել է դրամատուրգ, ռեժիսոր Վահրամ Սահակյանի հետ։
-Պարո՛ն Սահակյան, «Սիրով՝ ապագայից կամ Մեա կուլպա 2» ներկայացումը, որի սցենարի հեղինակը, ինչպես «Մեա կուլպա 1»-ի դեպքում, Դուք եք, պրեմիերայից հետո որոշակի փոփոխությունների ենթարկվե՞լ է։ Որքանով տեղյակ ենք՝ որոշակի մշակումներ եղել են։
-Քանի որ մենք չունենք կոնկրետ թատրոն, իսկ «Մեա կուլպա»-ի շուրջ աշխատում է ստեղծագործական մի ողջ թիմ, ներկայացումը ծնունդից հետո շուրջ մեկ տարի պարբերաբար մշակվում է, ենթարկվում փոփոխությունների։ Մի քանի ամիս անց այն վերջնական տեսք կստանա։ Չմոռանանք, որ «Մեա կուլպա»-ի դերասաններն իրենք ստեղծագործողներ են, եւ պետք է այնքան լավ տիրապետեն տեքստին, որ կարողանան իմպրովիզներ անել։
-Հիմա ուրիշ ի՞նչ ստեղծագործությունների վրա եք աշխատում։ Գիրք գրու՞մ եք։
-Դերասան Ավո Խալաթյանի համար պիես եմ գրել, դրա շուրջ ենք աշխատում, բացի այդ՝ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին «Գոյ» թատրոնում հանդես կգամ մոնո-ներկայացմամբ։ Այն կմատուցվի բոլորովին նոր ձեւաչափով։ Ես հասկացա, որ գիրք գրելը շահավետ չէ։ Դարի պահանջն այն է, որ գիրքը պատմվի, ցուցադրվի բոլորովին նոր ձեւով։ Թող գրեն այն մարդիկ, որոնք կարողանում են միայն գրել, բայց ես ունեմ նաեւ դերասանական շնորհ, պատմելու ունակություն, մոնտաժելու, նկարահանելու ձիրք եւ հնարավորություն ունեմ այդ ամենը միքսելու եւ չասեմ, որ կարող եմ ստեղծել արվեստի նոր ճյուղ, բայց կարող եմ այնպես անել, որ մարդիկ գան, դիտեն ու մասնակցեն ներկայացմանը։
-Բայց մտավախություն չկա՞, որ նման մտածելակերպի հետեւանքով, առհասարակ, գրքի կյանքը վտանգի տակ կդրվի։
-Եթե ես գրում եմ գիրք, որը առնում է 500 կամ 1000 հոգի, դա ինձ համար քիչ է։ Իսկ ներկայացման դեպքում ասելիքդ տարածվում է, լավագույն հատվածները հայտնվում են, օրինակ, հեռուստաընկերությունների եթերում եւ այլն։
-Վերջերս վաստակավորների կոչումներ շնորհվեցին շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, այդ հանգամանքը բողոքի հերթական ալիքը բարձրացրեց համացանցում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք նման պարգեւատրումների մասին։
-Ես ուրիշի ստացածի, ուրիշի ունեցվածքի մասին չեմ խոսում, խոսողների արարքը համարում եմ ցածր մարդու մտածողության արդյունք։ Անում եմ ամեն բան, որ այդ խոսակցություններից վեր կանգնեմ։
-Դուք մշակույթի վաստակավոր գործչի կոչում ունեք, չէ՞։
-Այո՛, թե ո՞ր մշակույթի, ես էլ չգիտեմ։ Կոչումը պետք է մարդուն դրդի ավելի լավ գործեր անելուն, սխալները չկրկնելուն։ Բայց եթե մարդ մտածի՝ ումից ինչ կոչում, ինչ փող վերցնի, երբեք առաջ չի գնա։ Այսօր այնքան մեծ թվով մշակույթի երիտասարդ գործիչներ կան, որոնք կարիերիստ են, ամեն ինչի հետեւից վազող՝ պաշտոնների, այնպիսի բաների, որոնց արվեստով զբաղվող մարդն ընդհանրապես ուշադրություն չպետք է դարձնի։ Այսօր մարդիկ խնդրում են, որ իրենց թատրոնի տնօրեն նշանակեն։ Ես այսքան ժամանակ թատրոնում զբաղված եմ, չեմ հիշում, որ որեւէ մեկը ինձ որեւէ տեղ նշանակած լինի, ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել, ամեն բան արել ենք պրոդյուսերական ջանքերով։ Մշակույթի նախարարին ասել եմ. «Պարո՛ն Արմեն Ամիրյան ջան, մի՛ թող, որ մշակույթի ասպարեզ մտնեն կարիերիստները»։ Հիմա ես չգիտեմ՝ ասելուց հետո ինչ է փոխվել, բայց ես չեմ ուզում ոլորտում տեսնել մարդկանց, որոնք մշակույթի հետ կապ չունեն։
-Պարո՛ն Սահակյան, այսօր, ըստ Ձեզ, մեր երկրում ստեղծվու՞մ է արվեստ, որը հավակնում է կոչվել ժամանակակից։
-Եթե մի տեղ արձան է բացվում, մի տեղ գրքի շնորհանդես է տեղի ունենում, դա դեռ չի նշանակում, թե այդ ամենը մշակույթի հետ կապ ունի։ Այդ 1990-ականներին էր, որ ամեն նոր ստեղծվող բան հետաքրքիր էր, հիմա արդեն կարեւորն այն է, թե ինչպիսին է արվեստի այդ նմուշը։ Եթե երիտասարդ նկարիչը խաչքար է նկարում, կամ եկեղեցի, ո՞նց կարող է ասել, թե ժամանակակից ստեղծագործող է, կարո՞ղ է՝ թող շարժում պատկերի, փիլիսոփայություն փոխանցի, գժություն անի։ Սրա պակասն է, որ այսօր ունենք։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՄՐՑՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿՆԵՐԸ
Սեպտեմբերի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Միսս Հայաստան 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը Երեւանից: Մրցույթին մասնակցում էին 24 հայուհիներ տարբեր երկրներից` Ռուսաստանից, Լիբանանից, Ուկրաինայից, Հայաստանի տարբեր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից: Իրավաբանի, հոգեբանի, տնտեսագետի, երաժիշտի եւ այլ մասնագիտություններ ունեցող գեղեցկուհիները նախ ներկայանում էին հայկական տարազներով, այնուհետեւ` լողազգեստներով եւ երեկոն ամփոփող երեկոյան զգեստներով: «Միսս Սփյուռք» տիտղոսը ստացել է Լիբանանից Սինտիա Տաբուջյանը, իսկ հանդիսատեսի համակրանքին արժանացել է Էդուարդա Բաղդասարյանը` Գյումրիից: Իսկ «Վիցե Միսս Արմենիա 2017» տիտղոսին արժանացավ Անահիտ Իսահանովան: Նշենք, որ ժյուրիի նախագահը 1998թ. «Միսս Հայաստան»-ի հաղթող Գոհար Հարությունյանն է: Ավելացնենք, որ «Միսս Հայաստան 2017» մրցույթի հաղթողը Հայաստանը կներկայացնի «Միսս Աշխարհ» մրցույթում:
ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեպտեմբերի 27-29-ը Հայաստանում անձրեւառատ կլինի: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-29-ին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, եւ բոլոր մարզերում կտեղան անձրեւներ: Երկարատեւ ընդմիջումից հետո տեղումներ են սպասվում նաեւ Երեւանում: Մայրաքաղաքում անձրեւ չի եղել արդեն գրեթե 40 օր:
Սեպտեմբերի 25-26-ն առավելապես հյուսիսային շրջաններում, իսկ 27-29-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:
Սեպտեմբերի 26-ին ամենաբարձր ջերմաստիճանը դարձյալ +33-ը կլինի եւ կգրանցվի դարձյալ միայն վերոնշյալ շրջաններում: Սեպտեմբերի 27-ին հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը, որ կգրանցվի, +32-ն է, 28-ին` օդի ջերմաստիճանը չի բարձրանա +28-ից: Սեպտեմբերի 29-ին ամենաբարձր ջերմաստիճանը կդիտվի +26: Ի դեպ, գիշերային ժամերին նույնպես եղանակն աստիճանաբար կցրտի: Արդեն սեպտեմբերի 29-ի գիշերն այն կնվազի` ընդհուպ մինչեւ +3 աստիճան: