ԵԼՔ դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրման գործընթացի վերաբերյալ.
«ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ օրերս Եվրոպական Միության Խորհրդի կողմից հրապարակված Հայաստան – Եվրոպական Միություն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի» սույն թվականի նոյեմբերին ստորագրվելիք տեքստը,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ պայմանագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, իրավական և հասարակական բոլոր ոլորտներում բարեփոխումների և համագործակցության ճանապարհային քարտեզը,
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության հաստատումը եւ դրա հետագա խորացումը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներում հաստատված մի շարք արատավոր երեւույթների հաղթահարմանը,
ԵԼՔ ԴԱՇԻՆՔԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է.
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև բանակցված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը» կարևորագույն խթան է ՀՀ-ԵՄ ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանում սոցիալ-տնտեսական և քաղաքական լրջագույն բարեփոխումների իրականացման համար:
ԵԼՔ դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ այն համարելով երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների խորացման կարևորագույն գրավական և պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին։
ԵԼՔ ԴԱՇԻՆՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ստորագրող կողմերին մինչև վերջ ցուցաբերել քաղաքական կամք և հետևողականություն՝ ավարտին հասցնելով համաձայնագրի ստորագրման և հետագա վավերացման գործընթացը»: