Հատել է ծառեր ու բեռնատարով դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Վահե Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 6-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնի տարածքից, առանց համապատասխան թույլտվության, հատել է 8 հատ սոճի եւ 2 հատ թեղի տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 142 հազար 500 դրամի վնաս:

Նա իր կատարած ապօրինի ծառահատումից հետո անմիջապես նկատվելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամասի ղեկավար Արտակ Հարությունյանի եւ նույն տեղամասի 10-րդ պահաբաժնի անտառապահ Մկրտիչ Ավետիսյանի կողմից՝ «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարով դիմել է փախուստի, որի ընթացքում Դիլիջան-Սեւան թունելի սկզբնամասում բեռնատարով հարվածել եւ վնասել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան՝ պետությանը պատճառելով 130 հազար դրամի գույքային վնաս:

Տեղեկացնենք, որ Վ. Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել») եւ 185 հոդվածի 1-ին մասով («Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս