ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏԸՆԹԱՑԻ ԲՅՈՒՋԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է Երեւանի՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի՝ մայրաքաղաքի բյուջեն եկող տարի ավելի քան 4 միլիարդ դրամով ավելի քիչ եկամուտներ եւ ծախսեր կունենա: Այլ կերպ ասած՝ Երեւանի քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, խոստովանում են, որ գալիք տարին մայրաքաղաքի համար հետընթացի տարի է լինելու: Մյուս կողմից՝ Երեւանի քաղաքապետարանն ինչպես ընթացիկ տարվա բյուջեի դեպքում, եկող տարի եւս եկամուտների մի մասը պատրաստվում է հավաքագրել երեւանցիներին տուգանելու եղանակով. այդ ճանապարհով Երեւանի բյուջեի համար նախատեսվում է ապահովել ավելի քան 460 մլն դրամի եկամուտ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի եւս Երեւանի բյուջեի համապատասխան տողով գրեթե նույն գումարն է նախատեսված: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ցուցանիշը նախորդ՝ 2016 թվականի համեմատ 60 մլն դրամով ավելի է, ապա ստացվում է, որ ըստ քաղաքային իշխանությունների՝ երեւանցիները գնալով դառնում են ավելի իրավախախտ: Ու հիմա ստացվում է, որ երեւանցիների օրինապահ լինելն ուղղակի հակասում է քաղաքային իշխանության շահերին, քանի որ այդ դեպքում քիչ մարդ կտուգանվի, մայրաքաղաքի բյուջեն էլ կթերակատարվի: Պետք է շատ խախտումներ գրանցվեն, որ Երեւանը բյուջե ունենա:

 

 

Հայաստանի պետական պարտքը հոկտեմբեր ամսին վերջին տարիների մեջ առաջին անգամ նվազել է, բայց պակասել է շատ քիչ, եւ սա հիմնականում դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով: Պետական պարտքը նվազել է դոլարային արտահայտությամբ, իսկ ահա դրամային արտահայտությամբ, ընդհակառակը, պետական պարտքն ավելացել է: Հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 296.7 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամսին 6 մլրդ 308 մլն դոլար էր: Իսկ դրամային արտահայտությամբ՝ ՀՀ պետական պարտքը ավելացել է՝ 3 տրլն 17.8 մլրդ դրամից դառնալով 3 տրլն 37.3 մլրդ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ դոլարային արտահայտությամբ նվազել է կառավարության եւ ԿԲ-ի արտաքին պարտքը, իսկ ահա կառավարության ներքին պարտքը, ընդհակառակը, ավելացել է: Մինչ այդ, սակայն, նկատենք՝ կառավարությունը երեկ համաձայնություն է տվել KfW բանկից 80 մլն եվրո վարկ վերցնելու ծրագրին: Իսկ սա նշանակում է, որ շատ շուտով պետական պարտքը կավելանա եւս 80 մլն եվրոյով:

 

 

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխության նախագիծ է հրապարակել, որը թեեւ դեռեւս ԱԺ չի ուղարկվել, բայց հասցրել է դժգոհություն հարուցել մասնագետների շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատաիրավական ոլորտում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող իրավաբաններից կարծիք են հայտնել, որ օրինագիծը որեւէ իրական կապ չունի հայ իրականության հետ եւ սոսկ միջազգային փորձի ընդհանրացման ու տեղայնացման արտացոլում է: Ըստ մեր աղբյուրների՝ հայաստանյան իրականությանը կարող է համահունչ լինել միայն այնպիսի դատավարությունը, որը կբացառի դատավորների կամայականությունները, փաստաբանների «հնարքները», տեւական դատավարությունները, անհարկի ծանրաբեռնվածությունը եւ այլն: Իսկ ահա այս նախագիծը, նրանց համոզմամբ, այդ խնդիրների լուծման անգամ մոտ չի գնացել: Նշենք, որ նոր օրենսգիրքը պետք է ընդունվի եւ ուժի մեջ մտնի մինչեւ եկող տարվա ապրիլի 9-ը, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտած կլինի նաեւ նոր Սահմանադրությունը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը չի բացառել, որ ՏԻՄ օրենսդրության մեջ փոփոխություններ կկատարվեն, եւ մի քանի տարի անց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան համամասնական սկզբունքով՝ Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի օրինակով: Ինչ վերաբերում է նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, մի քանի համայնքներում բողոքի ակցիաներին, երբ դժգոհում էին ընդդեմ վարչատարածքային բաժանման, Տերտերյանը նշել է. «Ես կարծում եմ, որ այդ համայնքներում մոտիվացիան ավելի շատ այլ էր: Մարդկանց մոտ տպավորություն կար, որ հատկապես իրենց գյուղից առաջադրված թեկնածուն պետք է անցնի, բայց չի անցել, անցել է հարեւան գյուղից առաջադրված թեկնածուն: Հիմնական խնդիրն ու խոսակցությունը, կարծում եմ, որ դա էր, այլ ոչ թե խոշորացումը»:

 

 

ԲԱՐԴ ԽԱՂԵՐ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտարարել է, թե իրենց հատկապես հետաքրքրում է ԵԱՏՄ անդամ, միաժամանակ ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրել պատրաստվող Հայաստանի օրինակը: Դոդոնը տեղեկացրել է, որ իրենք այս տարի դեպի ԵԱՀՄ առաջին քայլերն են արել. ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո ապրիլի սկզբին Մոլդովան ստորագրել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության համաձայնագիրը՝ միաժամանակ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելով: «Մենք նախ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ենք ստորագրել եւ միայն այժմ սկսում ենք կամուրջներ կառուցել ԵԱՏՄ-ի հետ: Դա հետեւանքներ է ունեցել Մոլդովայի համար»,- ասել է նա:
Միայն թե, նկատենք, մինչ Մոլդովան բավական ակտիվ հետաքրքրվում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հեռանկարներով, տնտեսական այդ միավորումը սկսել է լուրջ ճաքեր տալ: Տեւական ժամանակ է՝ լարվել են Ղրղզստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունները՝ վերաճելով դիվանագիտական սկանդալի: Սա այն բանից հետո, երբ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը Ղրղզստանում նախագահական ընտրությունների ընթացքում հանդիպել էր ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ: Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտարարել էր, որ դրանով Ղազախստանը միջամտում է Ղրղզստանի ներքին գործերին։ Բացի այդ՝ հոկտեմբերի 10-ին երկու երկրների սահմանին սրվել էր իրավիճակն այն բանից հետո, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանային անցակետերում հսկողությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի պատճառաբանությամբ: Հիշում եք՝ նաեւ Երեւանում ԵԱՏՄ խորհրդի նեղ նիստի ժամանակ այդ երկու երկրների վարչապետների միջեւ թեժ բախումներ էին եղել, արդյունքում՝ մոտ երկու ժամով ուշացավ խորհրդի ընդլայնված նիստը: Ու վերջապես, երեկ էլ Ղրղզստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին Ղազախստանի հետ համաձայնագրի չեղարկման մասին օրենքի նախագիծը:
Այլ կերպ ասած՝ ԵԱՏՄ անդամ երկու երկրները միմյանց դեմ բացահայտ դեմարշներ են սկսել, տնտեսական սանկցիաներ են կիրառում: Եւ եթե իրադարձությունները շարունակեն շարժվել նման տրամաբանությամբ, չի բացառվում, որ կողմերից մեկը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հիմք դնելով լիարժեք չկայացած միավորման փլուզմանը, կամ առնվազն վարկաբեկմանը: Եւ այս ընթացքում Մոլդովայի շահագրգռվածությունը հետաքրքիր է. միգուցե այսպես նրանք փորձում են նախագահ Դոդոնի ասած «հետեւանքները» վերացնել:




Լրահոս