ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն երեկ շարունակել է քննարկել ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նման քննարկում եղել էր նաեւ օրեր առաջ, այսօրվա քննարկմանը կհաջորդեն եւս երկուսը, որից հետո պայմանագիրը վավերացնելու հարցը կներառվի դեկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:
Նախորդ նիստում քննարկվել էին օրենսգրքի առաջին չորս բաժինները: Ըստ այդմ, Եվրասիական տնտեսական միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում: Օրենքի նախագծի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ է ենթադրում օրենքի նախագիծը:
-Այս մաքսային օրենսգրքի խնդիրը ընթացակարգերի սինխրոնիզացումն է, ներդաշնակեցումը: Այսինքն՝ այս ընթացակարգն անդրադառնում է մաքսային սահմանի վրա մաքսային գործառնությունների կատարման կարգին, մաքսային ապրանքները մաքսազերծելու կարգին:
Այսինքն՝ ինքը հիմնականում կոչված է ունիֆիկացնելու ամբողջ Եվրասիական տնտեսական միության սահմանին մաքսային մարմինների գործընթացները: Ընթացակարգն ասում է, որ բոլոր երկրների մաքսավորներն աշխատում են նույն կարգով: Այս փաստաթղթի իմաստը կարգավորելն է, կանոններ սահմանելը:
-Մաքսային օրենսգիրքն ընդհանուր է լինելու Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում, արդյո՞ք դա չի ենթադրում դրույքաչափերի բարձրացում ՀՀ-ի համար:
-Այս մաքսային օրենսգրքի նպատակը դրույքաչափերի փոփոխությունը չէ: Եթե կան դրույքաչափեր, որոնք երրորդ երկրներից դեպի Եվրասիական տնտեսական տարածք մուտք գործելու առումով Եվրասիական տնտեսական տարածքի արտադրողներին ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով տարբեր դրույքաչափեր է նախատեսել, դրանք ամեն ինչ արված են եղել, համաձայնեցված են եղել կողմերի միջեւ վաղուց:
Կան ապրանքատեսակներ, որոնց երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միություն մուտքն ավելի բարձր մաքսատուրքով է նախատեսված, քան, ենթադրենք, նախկինում էր: Եթե ունենայինք գների աճ, դա արդեն պետք է իրեն զգացնել տար: Այսօր մեզանում, եթե նույնիսկ նկատվում է առանձին ապրանքատեսակների գնաճ, դա որեւէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու մաքսատուրքերի հետ: Իսկ այս նախագիծը ենթադրում է, որ բոլոր երկրների մաքսային ծառայությունները նույն կերպ են աշխատելու:
Այսինքն՝ դուք որպես Հայաստանի ձեռներեց կամ ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձ կիմանաք, թե երրորդ երկրից Հայաստանի սահման մուտք գործելուց ինչ ընթացակարգեր պետք է անցնել: Մենք Հայաստանի պարագայում բոլորը գիտենք, հիմա եթե մուտք գործեք ԵԱՏՄ տարածք Բելառուսից, ապա նույն գործընթացներն եք անցնելու, ոչ մի տարբերություն չի լինելու: Խոսքը սրա մասին է:
-Հայտնի է, որ հունվարի 1-ից այլեւս չի գործելու երրորդ երկրներից ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման արտոնյալ ռեժիմը: Ընդ որում, խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է: Սա չի՞ հանգեցնելու գնաճի:
-Անկեղծ ասեմ, որ այդ ապրանքախմբերի մասին տեղեկատվությանը չեմ տիրապետում, դրա համար կդժվարանամ մեկնաբանել: Նայած թե որ ապրանքների մասին է խոսքը: Այդ 800 անուն ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ ես տեղեկատվություն չունեմ, չեմ թաքցնում:
Ես չեմ կարծում, որ ԵԱՏՄ անդամ պետությունները մաքսատուրք կսահմանեն, կբարձրացնեն այնպիսի ապրանքատեսակների վրա, որոնց իրենց սեփական արտադրությունը չունեն եւ իրենց սպառողներին կդնեն ծանր վիճակի մեջ: Ես այդ կարծիքին չեմ: Քանի որ ցանկը ձեռքիս տակ չկա, չեմ կարող մեկնաբանություններ անել, բայց ես ընդամենը ելնում եմ բանական մոտեցումից:
Ինչու ՌԴ-ն պետք է փորձի իր սպառողների համար ծանրացնել, բարձրացնել կամ թանկացնել այն ապրանքները, որոնք ինքը չի արտադրում կամ ԵԱՏՄ տարածքում չի արտադրվում, հավատացեք, որ տրամաբանություն չկա:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը