Մի քանի օր է՝ հայաստանյան քաղաքական դաշտում իրար հաջորդեցին ողբերգական իրադարձություններ. այն աստիճան ողբերգական, որ ըստ էության ստվերում մնաց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման շուրջ սկիզբ առած էյֆորիան, խինդն ու ուրախությունը:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե չէր հավատում ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը, բայց քանի որ իր կանխատեսումները չիրականացան, որոշել է ինքն իրեն պատժել՝ նա վեց ամիս հարցազրույց չի տալու: Սեփական անձի հանդեպ նման դաժան վերաբերմունքը, համաձայնեք, անթույլատրելի է, նաեւ միջազգային կոնվենցիաների համաձայն՝ արգելված: Հետեւաբար մարդասիրական նկրտումներից դրդված՝ ոչ միայն լրագրողական հանրությունը, այլեւ պետությունը, իշխանական ողջ վերնախավը անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ, օրինակ՝ աղերսագրեր ուղարկեն Հայրիկյանին, որ նա վերսկսի հարցազրույցների շարքը՝ հանուն ազգի, իհարկե:
Եւ հետո՝ չէ՞ որ այս լռությունից միգուցե ուրախանա սովետական ԿԳԲ-ն՝ իր գործակալական ցանցով, իսկ դա աններելի է: Այնպես որ, պետք է օր առաջ դիմել Հայրիկյանին՝ սեփական անձի հանդեպ համաներում հայտարարելու խնդրան՝ով: Հո իզուր չէր, որ հինգ տարի առաջ ՀՀ պետական բյուջեից 20 մլն դրամ հատկացվեց Հայրիկյանին՝ բուժվելու համար: Պատկերացնում եք՝ այդքան բուժվելուց հետո հանկարծ վեցամսյա պատիժը քայքայի նրա առողջականը
Բայց սա քաղաքական դաշտի միակ տխուր լուրը չէր: Երեկ պարզ դարձավ, որ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ /թող ներեն իսկական կուսակցությունները/ Անի Զախարյանը: Բարեբախտաբար, նրա հեռացումն էլ լինելու է ժամանակավոր՝ մինչեւ հաջորդ տարի. երեկ տարածած հայտարարությամբ Զախարյանը որոշումը պատճառաբանել է այսպես. «Անկեղծ ասած, այս մի քանի ամիսների ընթացքում ցանկանում էի հանգստանալ քաղաքական անբարոյականությունից, տգիտությունից, միջակությունից եւ զավեշտից: …Քաղաքականություն կվերադառնամ 2018թ.-ին, իսկ մինչ այդ ստիպված եք բավարարվել եղածով»: Չէ՛, ավելի մեծ հարված դժվար է պատկերացնել. անհնար է բավարարվել եղածով, չէ՞ որ աղջիկներին կուսությունից օր առաջ զրկվելու կոչերով քաղաքական դաշտ մտած, մեկ-երկու հոգանոց հանրահավաքներ հրավիրող Անի Զախարյանի բացակայությունը ոչ ոք չի լրացնի:
Այս ամենի մեջ ուրախալին միայն մեկ փաստ է. նրանց հեռացումը ժամանակավոր է: Նաեւ ուրախալի է այն փաստը, որ քաղաքականություն վերադառնալու եւ ժողովրդին ոտքի հանելու մասին հայտարարել է ոչ անհայտ Տիգրան Կարապետիչը: Այնպես որ, առաջիկայում քաղաքական կրկեսում կրկին տեսարանների պակաս չենք ունենա: