Ոչ վաղ անցյալում ԱԺ հայտարարությունների ժամը եւ կառավարության հետ հարցուպատասխանն ամենասպասված իրադարձությունների թվում էին: ԱԺ քառօրյայի օրերին ԱԺ ամբիոնը մի քանի ժամով վերածվում էր քաղաքական մարտադաշտի, որտեղ թեժ բախումներ էին ընթանում իշխանության եւ ընդդիմության միջեւ, հնչում ամենադաժան քննադատությունները:
Այդ ամենից բացի՝ ապահովված էր նաեւ զավեշտը. իշխանական պատգամավորների եւ հատկապես պատգամավորուհիների համար ԱԺ հայտարարությունների ժամը Սերժ Սարգսյանին քծնելու, նրա վարած խորիմաստ քաղաքականությամբ հիանալու, խրոխտ կեցվածքով պարծենալու լավ առիթ էր:
Ու իշխանական թեւի պատգամավորները պիոներիկի ջանասիրությամբ այնպես էին փորձում իրագործել իրենց առաջ դրված այդ խնդիրը՝ օգտագործելով հայոց լեզվի բոլոր հնարավորությունները, որ անհնար էր զսպել ծիծաղը:
Բայց հիմա պատգամավորների մոտ չկա նախկին էնտուզիազմը: Այս գումարման խորհրդարանում ԱԺ հայտարարությունների ժամն անցնում է աննկատ, նույնիսկ ձանձրալի, անգամ շեֆին քծնելու համար առիթը չեն օգտագործում, իր հերթին թույլ է ընդդիմությունը, որ չի փորձում մերկացնել իշխանություններին:
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին հնչած քիչ, թե շատ հիշվող ելույթը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանինն էր, այն էլ գյումրվա բարբառի «խաթեր», եւ հետո տարբեր սկանդալների կիզակետում հայտնված նախկին քաղաքապետն ինքը կոլորիտային կերպար է, որին միայն լսելը, դիմախաղին հետեւելն արդեն իսկ հետաքրքիր է: Բայց այդ ելույթը կապ չուներ երկրի քաղաքական օրակարգի հետ, ոչ էլ իշխանություն-ընդդիմություն բանավեճ էր:
Եթե անկեղծ, ապա այսօր քաղաքական օրակարգում կարծես չկա բանավեճի առարկա, քննարկումների լուրջ թեմա: Ընդհակառակը, հիմա քաղաքական պրոցեսներն ընթանում են իշխանական կուլիսներում, այն էլ առավելագույնս նեղ շրջանակների գիտությամբ: Կարծես բոլորը սպասում են 2018 թվականի ապրիլին, որպեսզի պարզ դառնա՝ ո՞վ է լինելու երկրի վարչապետը:
Ու քանի որ շրջանառվում է երկու հիմնական թեկնածուի անուն՝ Սերժ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան, քաղաքական խորքային պրոցեսներն ընթանում են հենց իշխանական ճամբարում, այն էլ ամենաներսում:
Իսկ խորհրդարանական մյուս երեք խմբակցությունները, այդ թվում՝ իշխանական կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն, մի տեսակ օտարված են քաղաքական գործընթացներից: Ճիշտ նույն կերպ այդ ամենից օտարված է նաեւ ՀՀ քաղաքացին, որի քվեն գնեցին 10 հազար դրամով, եւ որի տեսակետը հիմա հաշվի չեն առնում: