2018թ. պետական բյուջեի նախագծի շուրջ պարադոքսային վիճակ է: Բյուջեին կողմ քվեարկելու մասին հայտարարել են խորհրդարանական չորս խմբակցություններից միայն իշխող կոալիցիայի անդամները՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Իսկ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները, ընդհակառակը, դեմ են քվեարկելու: Կմտածեք՝ այս պատկերը միանգամայն բնական է. իշխանական թեւը կողմ է լինելու կառավարության ներկայացրած փաստաթղթին, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ ընդհակառակը: Բայց արի ու տես, որ այստեղ որոշակի տարօրինակություն կա. ՀՅԴ խմբակցությունն այս բյուջեին կողմ է լինելու այն դեպքում, երբ կառավարությունը մերժել է իրենց բոլոր առաջարկները: Ավելին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույնիսկ գովերգում էր ներկայացված փաստաթուղթը՝ այն որակելով «տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծող»:
Փոխարենը կառավարությունը մասամբ ընդունել էր բյուջեի նախագծի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի առաջարկները: Բայց այդ խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում քարը քարի վրա չթողեցին՝ ամենավերջին քննադատությունը հնչեցնելով կառավարության ու վերջինիս ներկայացրած փաստաթղթի շուրջ:
Տարօրինակությունները, սակայն, այսքանով չեն ավարտվում. երեկ բյուջեի մասին իր ելույթում որոշակի քննադատություն հնչեցրեց նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ճիշտ է՝ քննադատությունը հնարավորինս մեղմ էր. ի վերջո, Բաբլոյանը ՀՀԿ անդամ է, բայց, դե, նա չկարողացավ շրջանցել թերությունները եւ տողատակում, այնուամենայնիվ, մի քանի ակնարկ արեց: Բաբլոյանն ասաց, թե բյուջեի նախագիծը ե՛ւ ոգեւորում է, ե՛ւ անհանգստացնում: Նա նաեւ մատնանշեց անհանգստացնող պատճառները.
«Նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես կրթության ու առողջապահության հանդեպ», այնուհետեւ խոսեց, թե որքան կարեւոր է առողջապահական համակարգի ֆինանսավորումն ավելացնելը: Նա նաեւ խորհուրդ տվեց. «Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու՝ մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլեւս հետեւում է, թե մենք զսպեցինք այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետեւանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է եւ այլն»: Սա, ի դեպ, առաջին անգամն է, երբ խորհրդարանի ղեկավարը բյուջեի նախագծի մասին խոսելիս այսկերպ է արտահայտվում: Ու տարօրինակն այն է, որ Բաբլոյանն էլ այսքանից հետո կոչ արեց կողմ քվեարկել բյուջեի նախագծին:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ, ի՞նչ բիզնես շահ ուներ, այնուամենայնիվ: