Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նախօրեի երեկոյան հանդիպման մասին պաշտոնական լրահոսը բավական աղքատիկ էր: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման օրակարգում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին երկու երկրների նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների իրագործման ուղիների մասին հարցերն էին, եւ բացի այդ՝ ԱԳ նախարարները համաձայնել են հանդիպել 2018թ. տարեսկզբին:
Իսկ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը միայն նշել է հաջորդ տարի կայանալիք հանդիպման մասին՝ շրջանցելով փաստը, որ նախարարները քննարկել են գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու թեման: Չնայած սրան՝ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն իր հերթին, Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն էլ իր հերթին երկուստեք իրենց գոհունակությունն են հայտնել կայացած հանդիպման վերաբերյալ:
«Բանակցությունների ընթացքում կայացել են ինտենսիվ եւ կոնկրետ քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կապակցությամբ առկա առաջարկների շուրջ»,- Մամեդյարովի կարծիքն է փոխանցել նրա խոսնակը` հավելելով, որ հանդիպումը գնահատում են «դրական եւ կառուցողական»:
Իսկ Նալբանդյանը Վիեննայում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում, բավական ծավալուն ելույթ է ունեցել, որտեղ նաեւ նշել է. «Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում էր։ Կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն դրանից հետո»:
Չնայած այդ լավատեսական նոտային, Նալբանդյանը, այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտության` մինչեւ հիմա կարգավորված չլինելու պատասխանատվությունը բարդել է Ադրբեջանի վրա՝ նշելով, թե այդ երկրի անզիջողական եւ առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար եւ մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը:
«Հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է հանգեցնել ստատուս քվոյի փոփոխմանը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ՝ ստատուս քվոն անփոփոխ պահելու համար, միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատուս քվոյի փոփոխմանը: Ադրբեջանի մտադրությունները հստակ երեւում են իր իրականացրած ծախսերից»,- ասել է Նալբանդյանը բավական ծավալուն ելույթում:
Մնում է` կողմերն իսկապես ձեռնամուխ լինեն հակամարտության լուծման, այլապես ստացվում է` հրապարակային հայտարարություններում ուրիշ բան են ասում, գործնականում՝ այլ կերպ իրենց պահում: