Գագիկ Ծառուկյանը պատգամավորներին վեճից հետո իր մոտ է կանչել. ինչ է այսօր տեղի ունեցել «Ծառուկյան» խմբակցության անդամների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից խորհրդարանում լարված իրավիճակ էր տիրում: Երբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի քվեարկությանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ շփոթմունք առաջացավ, խորհրդարանում նիստը խառնաշփոթի վերածվեց:

Դրանից հետո «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտեց նիստը եւ դուրս եկավ՝ ուղղվելով խմբակցության սենյակ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու:

Դահլիճից դուրս գալու ընթացքում խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վիրավորական արտահայտություն է հնչեցրել Նապոլեոն Ազիզյանի հասցեին, ինչը դուր չի եկել նույն խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանին. վերջինս նշել է, թե Ազիզյանն իր հոր՝ Աբրահամ Մանուկյանի ընկերն է:

Վերջիններիս խոսակցությունը շարունակվել է արդեն պատգամավոր Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում, որտեղ նա մեկ այլ պատգամավոր Հրանտ Մադաթյանի հետ միասին փորձել է հանդարտեցնել Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուքն ու վիճաբանությունը, սակայն դա երկար ժամանակ չի հաջողվել:  Պատգամավորների վեճի ձայներն ու հնչող հայհոյանքները լսվում էին ամբողջ միջանցքում:

Ի վերջո, նրանց միջև ծեծկռտուքն ավարտվել է, սակայն կրքերն այդքանով չեն հանդարտվել: Թեման, բնականաբար, շարունակություն կունենա: ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր խորհրդարանում տեղի ունեցածին անձամբ խառնվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով խմբակցության առանցքային պատգամավորներին և վեճի մասնակիցներին իր մոտ է կանչել: Այսօրվա նիստի մեկնարկից ժամեր անց խորհրդարանում «Ծառուկյան»  խմբակցության պատգամավորներից գրեթե ոչ ոք չկար. նրանք իրենց ղեկավարի մոտ փորձում են հարթել տեղի ունեցածը:




Լրահոս