«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սահմանադրագետ համարվող Հրայր Թովմասյանի սխալի պատճառով երեկ խորհրդարանում լուրջ աղմուկ եղավ: «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քվեարկության դնելիս Բաբլոյանը հայտարարեց, թե դա «սահմանադրական օրենք» է, ինչը նշանակում է, որ այն պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդով` այսինքն առնվազն 63 կողմ ձայնով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատական օրենսգրքի այս փոփոխությունները «սահմանադրական օրենք» որակելու մասը ԱԺ նախագահին հուշել էր պատգամավոր Հրայր Թովմասյանը:
Մինչդեռ իրականում քվեարկության դրվեց ամենասովորական մի նախագիծ, որի ընդունման համար պետք էր պարզապես պատգամավորների մեծամասնության ձայնը, եւ բավարար էր քվեարկությանը մասնակից պատգամավորների կեսից ավելիի ձայնը: Ավելի ուշ խորհրդարանի ղեկավարության համար իրավաբանական դասախոսություն կարդաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ բացատրելով, թե որն է սահմանադրական օրենք, որը՝ ոչ: Իսկ խորհրդարանական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները բոյկոտեցին նախագծի քվեարկությունը, եւ միայն ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը սխալմամբ կողմ կոճակը սեղմեց, բայց հետո հայտարարեց, թե ինքը չի մասնակցել քվեարկությանը, մինչդեռ ԱԺ նախագահությունը հաշվեց նրա ձայնը:
Այսպիսով` պետք է արձանագրենք, որ խորհրդարանական երկրի խորհրդարանական մեծամասնությունը՝ մանկաբույժ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, անգամ օրենսդրական ակտերը ընդունում է «զոռբայությամբ»՝ վտանգելով խորհրդարանի` առանց այն էլ շրիշակի (плинтус) մակարդակի հասած հեղինակությունը: Բայց, դե, Բաբլոյանից այլ բան չէր կարելի սպասել, չէ որ նա հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին էլ հայտարարել էր, թե կատարվածի մեջ քաղաքական խնդիր չկա»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում