Հայաստանի հասարակությունը չի զարգանում, դեռ ավելին` բռնել է ետընթացի ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների խորհրդաժողովի ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել, պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու եւ իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են, ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում: Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել, դուք ամեն օր շփվում եք այդ մարդկանց հետ»: Նման մի միտք նա հայտնել էր նաեւ վերջին հարցազրույցում. «Լավ ապրելու միակ բանաձեւը աշխատելն է, եւ բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, եւ կարծում եմ՝ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում…»:

Համաձայնեք` հրաշալի է ասված. եթե մարդ ցանկանում է լավ ապրել, պետք է աշխատի: Սերժ Սարգսյանի ձեւակերպումն այդ առումով անխոցելի է, եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է չհամաձայնել նրա մտքերի հետ:
Բայց Հայաստանում շատ աշխատելը դեռ լավ ապրելու գրավական չէ: Ու եթե մանրամասն ուսումնասիրում ես տնային տնտեսությունների սպառողական ծախսերի կառուցվածքը, տխուր պատկեր է բացահայտվում: Հայաստանի բնակիչների ծախսերի մեջ տարեցտարի գնալով ավելացել են բնակկոմունալ ծառայությունների համար վճարվող գումարները, փոխարենը նվազել են ե՛ւ սննդի, ե՛ւ առողջապահության, ե՛ւ առավել եւս կրթության համար ծախսերը: Այլ կերպ ասած` մարդիկ աշխատում են, որպեսզի հասցնեն իրենց կոմունալ վճարումները կատարել, նաեւ վարկային պարտավորությունները մարել եւ միայն դրանից հետո մտածում են ապրուստի մասին:

Եւ այսպես` 2004թ. մեկ շնչի հաշվով ամսական ծախսերի մեջ սննդի համար վճարը կազմել է 56.1 տոկոս: 2008թ.՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում սննդի համար ծախսը կազմել է ամսական միջինի 51.9 տոկոսը: Հետագա տարիներին այդ նպատակով ծախսերն էապես կրճատվել են, եւ արդեն 2014թ. մարդիկ սննդի համար ծախսել են գումարի 45.7 տոկոսը, 2015թ.՝ 43.6 տոկոսը, 2016թ.՝ 42.1 տոկոսը:
Միաժամանակ նկատենք, որ սննդի համար ծախսերն ամենեւին էլ գների էժանացման հետեւանքով չեն պակասել: Ընդհակառակը, այս ոլորտում գները տարիներ շարունակ աճել են թռիչքաձեւ: Արդյունքում մարդիկ ստիպված են եղել կրճատել իրենց ուտելիքի համար ծախսը, ու հիմա ՀՀ-ում յուրաքանչյուր 3 բնակչից 2-ը համարվում է թերսնված:

Նշենք, որ պաշտոնական վիճակագրությամբ` Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան պետք է կազմի ամենաքիչը 2 հազար 100 կկալ, հակառակ դեպքում մարդը համարվում է թերսնված: 2016թ. Հայաստանում 2 հազար 100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 62.9 տոկոս էր, 2015թ.՝ 60.8 տոկոս, 2014թ.` 60.2 տոկոս, 2013թ.` 59.2 տոկոս, իսկ, օրինակ, 2012թ.` 52.9 տոկոս: Այսինքն՝ թերսնվածների թիվը Հայաստանում տարեցտարի ավելի է շատացել:

Բայց վերադառնանք ամսական ծախսերին: Այս տարիներին աճել են ծառայությունների համար արված ծախսերը, սակայն դրանք հիմնականում բնակկոմունալ ծախսերի հետեւանքով: Այլ կերպ ասած` այս տարիներին գազը, էլեկտրաէներգիան, ջուրն այնքան են թանկացել, որ մարդիկ ստիպված են եղել իրենց ստացած եկամուտից ավելի ու ավելի մեծ գումար հատկացնել այդ նպատակով: Պարզ ասած, մարդիկ աշխատել են «Գազպրոմ-Արմենիային» ու ՀԷՑ-ին «վճարելու» համար, իհարկե, իրենց սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց: Ըստ պաշտոնական վիճակագրության` 2004թ. բնակկոմունալ վճարումները կազմել էին ամսական ծախսերի 6 տոկոսը: Արդեն 2008թ. դրանք ավելացել են՝ 9.1 տոկոս, 2014թ.` 13.5 տոկոս, 2015թ.` 13.5 տոկոս, իսկ արդեն 2016թ.` 14 տոկոս:

Փոխարենը մարդիկ այս տարիներին ստիպված են եղել ավելի ու ավելի քիչ վճարել առողջապահության եւ կրթության նպատակով: 2004թ. ՀՀ բնակիչն իր ամսական միջին ծախսի 7.8 տոկոսն ուղղել է առողջապահության նպատակով, 2008թ. այդ թիվը նվազել է՝ 3.6 տոկոս, 2015թ.` 6.2 տոկոս, եւ ահա 2016թ. առողջապահության համար ծախսը կազմել է 5.2 տոկոս: Կրթության նպատակով ծախսերը 2004թ. կազմել են ամսական միջինի 3.7 տոկոսը, 2008թ.` 4.2 տոկոսը, իսկ արդեն 2016թ.` 1.5 տոկոսը:

Նման ցուցանիշներ կարելի է շատ մեջբերել: Բայց այսքանն էլ բավական է` ստեղծված իրավիճակի պատկերը հասկանալու համար: Իսկ պատկերը բավական տխուր է, նույնիսկ կարելի է ասել՝ ողբերգական: Ավելին` այս իրավիճակի հետեւանքներն իրենց միանգամից զգացնել չեն տալու, այլ կամաց-կամաց, հետեւողականորեն: Ի վերջո, սա նաեւ ապացույցն է այն բանի, որ այսօր Հայաստանի հասարակությունը չի զարգանում, դեռ ավելին` բռնել է ետընթացի ուղին, դրան գումարած՝ 29.4 տոկոս աղքատությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս