34 ՔՐԳՈՐԾ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ համայնքապետերի հետ կապված հանցագործությունների մասին տեղեկություններն իրավապահները երբեւէ չեն անտեսել:

Դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում համայնքապետերի կողմից թույլ տրված չարաշահումների մասին մասնավորապես ասել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են` անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար` սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է` գնա, ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու` լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամոթ է… Եվ խնդրում եմ, որեւէ մեկը Նոր տարուց հետո` լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որեւէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից փորձել էր պարզել, թե ինչ է արել կամ անում ՀՀ գլխավոր դատախազությունը՝ համայնքապետերի ապօրինությունները բացահայտելու համար:
ՀՀ գլխավոր դատախազությունից տրամադրել են «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին Արթուր Դավթյանի տված պատասխանները:
-Պարո՛ն Դավթյան, խնդրում ենք հայտնել, թե ի՞նչ է արել կամ ի՞նչ է անում ՀՀ գլխավոր դատախազությունը` համայնքների բյուջեների նկատմամբ անազնիվ վերաբերմունք դրսեւորած, բնակչության փողերն իրենց տուն տարած համայնքապետերի ապօրինությունները բացահայտելու համար:
-ՀՀ դատախազությանը հայտնի դարձող առերեւույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ պարունակող բոլոր տեղեկությունները ստուգվում են եւ արժանանում իրավական գնահատականի` առանց տարբերակում դնելու` դրանք առնչվո՞ւմ են համայնքապետերի, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանը:
-Արդյո՞ք այդ արարքների համար հարուցվել եւ հարուցվելու են քրեական գործեր:
-2017թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ: Բոլոր այն դեպքերում, երբ իրավապահ մարմինները կտիրապետեն նմանատիպ դրսեւորումների մասին կոնկրետ փաստերի, դրանք կենթարկվեն լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման, իսկ կոռուպցիոն կամ ցանկացած բնույթի հանցագործություններում պաշտոնատար անձանց մեղսակցությունը հիմնավորվելու դեպքում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները նրանց համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ:
-Քանի՞ հոգի է պատասխանատվության ենթարկվել:
-2017թ. հարուցված վերոնշյալ գործերից արդեն իսկ 7 գործով 7 համայնքապետ ներգրավվել է որպես մեղադրյալ: Դրանցից 4 գործ 4 համայնքապետի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 2 համայնքապետի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Այլ կերպ ասած` գլխավոր դատախազը պնդում է, թե իրենք չարաշահում թույլ տված ոչ մի համայնքապետի չեն հանդուրժել, ում մասին տեղեկություն, փաստ ունեցել են, անմիջապես ընթացք են տվել ու պատասխանատվության ենթարկել: Մինչդեռ Սերժ Սարգսյանն էլ պնդում է, թե մինչ այս ներել է, համայնքապետերին: Ուստի կա՛մ դատախազությունը ճշմարտությունը չի ասում, կա՛մ էլ Սերժ Սարգսյանն է պարծենում, թե ինչ ներողամիտ է եղել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԿԱՇԿԱՆԴՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը, անդրադառնալով իր դեմ ներկայացված դատական հայցին եւ նիստեր չնշանակելու կաշկանդվածության խնդրին, ասաց, որ բացի օրենքից` որեւէ այլ անձից կամ մեկից կաշկանդվածություն չունի:
Ինչպես հայտնել էինք` փաստաբան Գեւորգ Գյոզալյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին: Վերջինս այդ քայլին գնացել է, քանի որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը 8 ամիս նիստ չի հրավիրում: «Քանի որ դատավորը նիստ չի կայացնում, դիմել եմ արդարադատության խորհուրդ, որ այդ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեն, սակայն այդպես էլ դատավորին պատասխանատվության չկանչեցին, ինչի համար էլ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշման համար հայց եմ ներկայացրել դատարան»,- ասել էր փաստաբանը:
Ավելին` փաստաբանը որպես դատավորի կողմից նիստ չհրավիրելու պատճառ երկու վարկած էր առաջ քաշել. նա կաշկանդվածություն ունի այդ գործով, քանի որ հայցը հարկային տեսչության դեմ է, կամ էլ նա պարզապես օրենքներին չի տիրապետում:
«Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ զրուցեց դատավոր Ավագ Գաբիրելյանի հետ:
-Պարո՛ն Գաբրիելյան, Ձեր վարույթում գործեր կան, որոնցով նիստեր չանցկացնելու համար հայտնվել եք դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
-Մի քանի անգամ:
-Հիմա բանը հասել է այնտեղ, որ Ձեր՝ նիստեր չանցկացնելու համար փաստաբանները դատական պրոցեսներ են սկսել Ձեր դեմ:
-Գիտեք, այդպիսի բան չկա, ուղղակի ես չեմ կարող մեկնաբանել մարդկանց մտածածները: Կարող եմ ասել, որ օրենքով սահմանված կարգով նախագահող դատավորի կողմից ապահովվում են երկու կողմերի իրավունքները: Նրանց իրավունքները ապահովվելուց հետո նոր նախագահող դատավորի կողմից որոշում է կայացվում նախնական դատական նիստ կամ քննություն անցկացնելու մասին: Ընդամենը սա կարող եմ ասել:
-Վստա՞հ եք, որ որեւէ գործով կաշկանդվածություն չունեք:
-Ես որեւէ կաշկանդվածություն չունեմ որեւէ մեկից, բացի օրենքից:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՈՒՂԻՂ ՉՎԵՐԹ՝ ՉԻՆԱՍՏԱՆ
ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանի խոսքով` 2017թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 27 տոկոսով: «Աճ գրանցվել է ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման տեսանկյունից: Մասնավորապես արտահանման ծավալն աճել է 18.8 տոկոսով՝ կազմելով մոտ 100 մլն դոլար»,-ասել է Ռ. Հարությունյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանը վերսկսելու է մեղրի արտահանումը, որը դադարեցվել էր որոշակի սահմանափակումների պատճառով: Վերջինիս փոխանցմամբ` այժմ բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ ուղիղ չվերթեր ունենալու հարցի վերաբերյալ: «Դա, իհարկե, աշխատանք է պահանջում, քանի որ մեկ օրում հնարավոր չի կազմակերպել, բացի դրանից` պետք է հաստատվի այս հարցի տնտեսական շահավետությունը»,-ասել է նա՝ հավելելով, թե լիահույս է, որ արդեն գալիք տարի Հայաստանի եւ Չինաստանի միջեւ չվերթերը ավելի հեշտ կիրականացվեն:

 

 

ԴԱՏԱԽԱԶ ԲԻԶՆԵՍՄԵՆԸ
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի տնօրինությունը հաղորդագրություն էր տարածել եւ տեղեկացրել, որ «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը: Հիշեցնենք` պահածոների գործարանը պատկանում է նախկին պաշտոնյաներ Հովիկ Աբրահամյանին եւ Սերգո Կարապետյանին: Թե կոնկրետ ում բաժնետոմսերն են վաճառվել, դեռեւս պարզել չհաջողվեց: Նշենք, որ Կամո Ավագումյանը ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպես նաեւ ՌԴ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Ավագումյանի որդիներից մեկը ամուսնացած է Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի աղջկա հետ: Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա հունվարին, երբ Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի հայ գործարարներին ու հորդորել նրանց բիզնես ծավալել Հայաստանում: Կառավարությանն աջակցություն հայտնած գործարարների թվում էր նաեւ Կամո Ավագումյանը:

 

 

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՎ ՋՐԱԴՈՒԼ
«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտունու փոխանցմամբ` վերջինս հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել: «Արդեն երրորդ օրն է՝ իմ պաշտպանյալը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել»,- ասել է Նարինե Ռշտունին: Նշենք, որ առաջին անգամ չէ՝ Հարություն Սարիբեկյանը հացադուլ է հայտարարում: Հոկտեմբերին նա 2 շաբաթ հացադուլի մեջ էր: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը մեղադրվում է «հանցավոր» խմբի անդամներին զենք վաճառելու մեջ: Ըստ որոշ տեղեկությունների` նա «Մուխա» տեսակի զենք է վաճառել խմբին: Առաջադրված մեղադրանքում, սակայն, ազատամարտիկն իրեն մեղավոր չի ճանաչում:

 

 

ԾԱՆՐ Է
Արագածոտնի մարզի «Աշտարակ» ԲԿ-ից հայտնել են, որ Աշտարակի Քասախի կիրճում՝ կամրջի տակ հայտնաբերված 23-ամյա աղջկա վիճակը ծանր է: Նա բազմաթիվ կոտրվածքներ ունի, տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, որ այսօր` ժամը 03:00-ի սահմաններում, փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են 1994թ. ծնված Ա. Չ.-ին: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 23-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել մոր հետ վիճաբանությունից հետո` կենցաղային հարցերի շուրջ, որից հետո տանից դուրս է եկել է, իսկ ժամեր անց էլ Աշտարակի կամրջից ցած է նետվել:




Լրահոս