Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած հարձակումից հետո պատանդ վերցված փոքրիկ երեխային է այցելել Արգամ Հովիկյանի քույրը՝ Կատյա Հովիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արգամ Հովիկյանի քույրը, գնալով երեք տարեկան երեխայի տուն, ներողություն է խնդրել նրա հարազատներից: Փոքրիկի ծնողներն ասել են, որ բողոք չունեն, պարզապես իրենց երեխան այդ ամենի հետ կապ չուներ եւ չպետք է թիրախ դառնար:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր «Մանուշակ» մանկապարտեզ եւ պահանջել իր նախկին կնոջը` Լիլիթ Հովհաննիսյանին: Նա դանակով հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջը, մանկապարտեզի տնօրենին, որը Լիլիթի տատիկն էր, եւ պատանդ վերցրել երեք տարեկան երեխային: Նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Արգամ Հովիկյանին, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Տղամարդը այդ քայլին գնացել էր նախկին կնոջ հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով: