«Ժողովուրդը» մի շարք հեռուստասերիալներից եւ գեղարվեստական ֆիլմերից հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանի հետ զրուցել է ստեղծագործական դադարի, իր մարմնավորած կերպարների հետ ասոցացվելու եւ դրան առնչվող հետաքրքիր, հաճախ նաեւ զվարճալի դրվագների մասին։
-Նիկոլա՛յ, գիտենք, որ մարդիկ Ձեր մասին հաճախ կարծիք են կազմում՝ ելնելով Ձեր մարմնավորած բացասական կերպարներից։ Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են գրանցվել այս ֆոնին։
-Տասը հոգուց առնվազն ութը ինձ հետ անձնապես շփվելուց հետո ասում է. «Վա՛յ, ես քո մասին լրիվ ուրիշ կարծիքի էի»։ Մարդիկ մտածում են, որ կռվարար, չենթարկվող տեսակ եմ, բայց հետո փոխում են իրենց տեսակետը։ Մեկ-մեկ մտածում եմ, որ երկար դադարների պատճառը հենց դա է, գուցե մտածում են՝ ինձ հետ բարդ է աշխատելը… Այնինչ՝ բնավորությամբ բացարձակ ծանր մարդ չեմ, թեեւ էմոցիոնալ եմ։ Այդպիսին ես ծնվել եմ, դա իմ բնույթն է, ոչինչ անել չեմ կարող։ Հետաքրքիր, հաճախ նաեւ զվարճալի դեպքեր իմ անձի շուրջ շատ են գրանցվել։ Տարիքով կանայք փողոցում ինձ տեսնում էին, անիծում, վիրավորում, ասում էին. «Արեւդ թաղեմ, էն աղջկա հանդեմ ո՞նց ես վարվում»։ Պարզ է, որ ասոցացնում էին կերպարիս հետ։ Իսկ երբ խաղում էի «Դիմակահանդես» սերիալում, մարմնավորում էի գժի։ Մի մարդ մոտեցավ, ասաց. «Քեզ խաբում են, քո հերը ինքնա», ու ցույց տվեց Հովակ Գալոյանին։ Ես պահը չկորցրեցի, ասացի. «Ո՞նց ինքնա» ու ձեւացրեցի, թե ինքնազգացողությունս վատացավ։ Մեկ էլ էդ մարդը ասաց. «Խաբում եմ, խաբում եմ», ու փախավ։
-Դուք ասում եք, որ Ձեր կերպարներին նման չեք, բայց պետք է ասել, որ, այնուամենայնիվ, բավական պոռթկուն բնավորություն ունեք։
-Դպրոցական տարիներին կռվարար եմ եղել, թաղի տղաների հետ էլ եմ կռվել, բայց այդ ամենը երկար չի տեւել, որովհետեւ բացարձակ խռովկան չեմ, զզվում եմ խռովկաններից։ Բոլոր դեպքերում, սիրում եմ խոսել, արտահայտվել։ Հիշում եմ, որ մաման ասում էր. «Էլ չեմ ուզում գնալ ծնողական ժողովների, ախր ամոթ է»։ Շատ անորոշ վարք եմ ունեցել դպրոցական տարիներին, բայց հետո, մեծանալով, էներգիաս սկսեցի ավելի արդյունավետ կիրառել։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան