Նոր ընդունված դատական օրենսգիրքը մասնագիտական շրջանակներում դժգոհությունների առիթ է դարձել: Ընդ որում, սահմանադրական այդ օրենքի դրույթներից բողոքում են ե՛ւ դատավորները, ե՛ւ փաստաբանները: Երեկ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քննադատել է օրենսգիրքը` ասելով. «Եթե փաստաբանը դիմադրություն ցույց տվեց դատավորի ոչ օրինական գործողություններին, դատավորը կարող է տուգանել նրան»: Մինչդեռ սա անընդունելի է: Իրենց հերթին օրենսգրքի դեմ բողոքում են դատավորները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անցումային դրույթների հետ կապված է մտահոգություններ հայտնել՝ ասելով. «Դեռ շատ անհայտ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն… շատ հարցեր, որոնք այսօր բոլորին անհանգստացնում են ե՛ւ դատավորներին, ե՛ւ քննիչներին, ե՛ւ մյուս բոլոր իրավապահ մարմիններին: Որակի առումով վստահ եմ` որեւէ բացասական ազդեցություն չի ունենա, բայց աշխատանքի կազմակերպման հարցով` ոնց այդ ամենը կազմակերպեն… մենք մի քանի ամիս լրջագույն խնդիրներ ենք ունենալու իրավապահ համակարգում»: Փաստորեն, իշխանությունները մատների արանքով են նայում անգամ նման կարեւոր, սահմանադրական օրինագծերին, եւ դեռ հարց է՝ գործածության մեջ ի՞նչ նոր խնդիրներ կարող են ծագել:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հիշեցրել է, որ այս տարվա ընթացքում նրա մի շարք հայտարարություններ բավական բուռն ընդունվեցին հասարակության կողմից, եղան թյուրընկալումներ, եւ նախարարը ստիպված էր լրացուցիչ պարզաբանումներով հանդես գալ: «Իհարկե, ինչպես ասացիք` թյուրընկալումներ կան երկու կողմից. միգուցե ոչ միշտ եմ ես ճիշտ սահմանումները օգտագործում, ինչ-որ տեղ իմ ազատամիտ սահմանումներին սովոր չէ ուկնդիրը»,- ասել է Ալթունյանը: Ինչ վերաբերում է հաջորդ տարվա ապրիլից հետո իր պաշտոնավարման հավանականությանը, նախարարն ասել է. «Ճիշտն ասած` իմ ապագայի մասին այդ առումով ո՛չ նախագահի եւ ո՛չ էլ վարչապետի հետ չենք խոսել: Ուղղակի ես երիտասարդ տարիներից օգտվում եմ մի խելացի մարդու խորհրդից` «Սովորի՛ր այնպես, ինչպես ապրելու ես հավերժ, իսկ ապրիր այնպես, ինչպես ապրում ես քո վերջին օրը»: Ես իմ աշխատանքային նախագծերը կազմում եմ այնպես, ինչպես ես ղեկավարելու եմ հավերժ»:
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը մի քանի անգամ կարեւորել է ուսումնական հաստատությունները քաղաքականությունից զերծ պահելու, ապակուսակցականացնելու խնդիրը: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, նրան հիշեցրել է ԱԺ ընտրությունների եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը, երբ նաեւ ինքնախոստովանական ձայնագրություններով էր ապացուցվել, որ ուսումնական հաստատություններն, ընդհակառակը, քաղաքականացված են: «Խորապես համոզված եմ, որ դպրոցների խորհուրդների այսօրվա ձեւն իրեն չի արդարացնում: Նրանք իսկապես ոչ միայն քաղաքականացվում են ժամանակ առ ժամանակ, այլ նաեւ չեն արտահայտում դպրոցի շահերը,- ասել է նախարարը՝ հավելելով,- ցավոք սրտի, հսկայական, շատ հզոր տնօրինական կազմի հետ միասին ձեւավորվել է տնօրենի մի տեսակ, որը շատ հեռու է դպրոցից եւ պարզապես դիտում է դպրոցը մի վայր, որտեղ նա պետք է իր որոշակի խնդիրները կարգավորի: Այս մարդիկ դպրոցում պետք է տեղ չունենան»:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեւական ժամանակ է՝ լարված են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսայի՝ Աչաջրում գործող «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Բարսեղյանի հարաբերությունները: Բանը հասել է նրան, որ Բարսեղյանն անգամ բողոք նամակներ է ներկայացրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դեմ: Իսկ նամակ-բողոքները նա ուղարկել է Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին` դժգոհելով, որ Տավուշի մարզպետը խոչընդոտում է Տավուշի սահմանագոտում ներդրումներ կատարելուն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռ օգոստոս ամսից մարզպետի եւ պատգամավորի փեսայի միջեւ այդ թեմայով լեզվակռիվներ են եղել, Աբովյանը նույնիսկ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստում է հետաքրքրվել՝ մի՞թե ինքը երբեւէ չի օգնել Բարսեղյանին: Սակայն պատգամավորի փեսան պնդել է, որ մարզպետն իրեն օգնել է սկզբում, իսկ այնուհետեւ սկսել է խնդիրներ հարուցել:
ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԸ
Կարեն Կարապետյանի ամենամերձավոր նախարարներն ամեն քայլափոխի հիմնավորում են վաղուց տարածված տեսակետը, որ բացարձակապես չեն տիրապետում իրենց վստահված ոլորտներին ու, ընդհանրապես, հեռու են պետական կառավարման համակարգից: Նրանց մեջ ռեկորդակիրը, թերեւս, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն է՝ իր իրարամերժ հայտարարություններով: Իսկ երեկ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ նա պարզապես «փայլում» էր իր անտեղյակությամբ:
Ինչպես հայտնի է` կառավարությունը մշակել է օրենսդրական նախագիծ, ըստ որի` հաջորդ տարվա ապրիլից արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, ավելին` արգելվելու է նաեւ այդ մեքենաների վերահաշվառումը, ըստ այդմ՝ նաեւ վաճառքը: Միայն թե այս նախագիծը սահմանադրականության առումով լուրջ խնդիրներ ունի, քանի որ հակասում է սեփականության ազատ տնօրինման իրավունքին: Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը հարուցել է շատ շատերի դժգոհությունը` առիթ դառնալով «Աջ ղեկ» նախաձեռնության ստեղծման: Եւ երեկ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրացրին հենց օրինագծի սահմանադրականության հարցը: 2018-ի ապրիլից կարգելվի մեքենայի վերահաշվառումը, ասել է, թե ՀՀ քաղաքացիները չեն կարողանա վաճառել աջ ղեկով մեքենաները: Սա նշանակում է` ՀՀ քաղաքացին չի կարողանա լիարժեք տնօրինել իր սեփական գույքը: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում նշված է. «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք»:
Բնականաբար, Վահան Մարտիրոսյանը չուներ այս հարցի պատասխանը եւ խոստացավ առաջարկը ներկայացնել վարչապետին` մինչ այդ հորդորելով ցույցեր չանել։ Համաձայնեք` շատ օրիգինալ մոտեցում է: Կառավարությունը, հանձին այս նախարարության, աղմկահարույց օրենսդրական նախագիծ է ներկայացնում` առանց լրջորեն ուսումնասիրելու իրավական հիմքերը, դեռ ավելին՝ դրանում նախատեսելով բացահայտ հակասահմանադրական դրույթներ: Ու այս իրավիճակում նախարար Վահան Մարտիրոսյանին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հարցի ճակատագիրը, այլ որ լրացուցիչ աղմուկ չբարձրանա, բողոքի ցույցեր չլինեն: Համենայն դեպս, ցույցեր չանելու նրա հորդորն այդ մասին էր վկայում: Էլ չենք խոսում այն մասին, որ մինչեւ վերջերս նույն Վահան Մարտիրոսյանը համոզում էր, թե կառավարությունը մտադիր չէ արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումը` այդպես հանգստացնելով հասարակությանը, բայց հետո պարզվեց հակառակը: Կարճ ասած՝ պաշտոնական անլրջություն: