ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ը հայկական բանակի կազմավորման տարեդարձն է: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին»` այդպիսով իսկ ազդարարելով Հայ ազգային բանակի ստեղծումը: Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բոլորն էին խոսում այն մասին, թե ինչպիսի բանակ ունենք, որքանով էինք պատրաստ պատերազմին կամ որքանով կատարեցինք մեր առջեւ դրված պարտականությունները: Ապրիլյան պատերազմից հետո իրականացված փոփոխությունների մասին շատերն են խոսում, փաստում, որ քայլեր են արվել: Սակայն, ի վերջո, ինչ ունենք մենք Հայոց բանակի ստեղծումից 26 տարի անց: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Գագիկ Մելքոնյանը:

-Պարո՛ն Մելքոնյան, Հայոց բանակն արդեն 26 տարեկան է: Ի՞նչ ունենք մենք այսքան տարի անց:
-Մեր բանակը կայացած է, նույնիսկ տարիքից էլ մի քիչ ավել: Եթե վերցնում ենք, բանակն իր 26 տարուց էլ ավելի լավ վիճակում է:
-Այնուամենայնիվ, ի՞նչ խնդիրներ են առկա այժմ:
-Իհարկե, ունենք կայացած բանակ, բայց խնդիրներ էլ ունենք: Բանակն այնպիսին է, որ ամեն օր էլ խնդիրներ են առաջանում, քանի որ տեխնոլոգիաների դար է, ամեն անգամ պետք է համապատասխան քայլել: Սպառազինության մրցավազք է, պետք է անընդհատ նոր սպառազինություններով համալրվել: Անասելի փոփոխություններ կան. ստեղծման ժամանակ ունեինք 6 տանկ, հիմա մենք ունենք հզոր զինտեխնիկա, բայց այսօր էլ պետք է շարունակենք արդիական զենքերով համալրվել:
-Նույն սպառազինության առումով մենք ինչպիսի՞ վիճակում ենք գտնվում: Ապրիլյան պատերազմն ի՞նչ ցույց տվեց:
-Ապրիլյան պատերազմից հետո շատ բան է փոխվել: Դա երեւում է` ըստ իրենց ասելու, զեկույցների, ժողովրդին զեկուցում են, ասում, որ շատ բան են արել: Բայց, իրոք, շատ արած բաներ կան: Ես ինքս համոզվել եմ դրանում, որ ապրիլյան դեպքերից հետո իսկապես փոփոխություններ են եղել: Նոր սպառազինություն ունենք, որն արդեն ժամանակակից է, իսկ դա շատ կարեւոր հանգամանք է:
-Այդ հանգամանքը կարո՞ղ է Ադրբեջանի համար զսպող լինել: Նոր արկածախնդրություն սպասո՞ւմ եք:
-Իհարկե, Ադրբեջանը տեսնում է, որ մենք նոր սպառազինություններ ենք ձեռք բերում: Բայց չմոռանանք, որ նաեւ Ադրբեջանն էլ է ամեն օր զինվում, մենք էլ հետ չենք մնում: Այնպես չի, որ մեկը քնած է, մյուսը զինվում է: Արդեն ապրիլից հետո մենք հասկացանք, որ հարկավոր է լավ զինվել, նորագույն տեխնիկայով, ժամանակակից սպառազինությամբ:
-Վերջին շրջանում զինված ուժերում փոփոխություններ եղան: Պաշտպանության նախարարն արդեն քաղաքական պաշտոն դարձավ, որքանո՞վ սա փոփոխություններին նպաստեց:
-Չեմ կարող հստակ ասել` այդ փոփոխությունները պե՞տք էին, թե՞ ոչ: Եթե նախարարը քաղաքական պաշտոն է, ինքն իր քաղաքական գիծն է առաջ տանում հիմնականում: Իսկ բանակով զբաղվում է գլխավոր շտաբը: Դա առաջին կամ երկրորդ տարին չէ, արդեն մոտ 7-8 տարի է` մենք առանձնացրել ենք, արդեն մենք գնում ենք այս ձեւաչափով: Մյուս ձեւաչափն արդեն հնացած էր: Մենք միշտ աչք ենք դրել Ռուսաստանին, նրա փոփոխություններին: Ռուսաստանն էլ է արդեն հրաժարվել հնից, սովետական հաստիքներից: Նրանք էլ են արդեն գնում դեպի նորացում, մենք էլ պետք է գնանք:
-Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ նոր ծրագրեր է ներկայացրել, գործածության մեջ դրել ազգ-բանակ հայեցակարգը: Որքանո՞վ են դրանք ընդունելի:
-Մենք փոքր ազգ ենք, հատկապես մենք շրջապատված ենք հիմնականում թշնամիներով, մեր ազգը պետք է ամողջապես վերածվի բանակի: Դա նժդեհյան գաղափարախոսություն է, այնպես չէ, որ ինչ-որ մեկը հայտնաբերեց կամ արեց: Այո՛, մենք ազգովի պետք է լինենք զինվոր, թե՛ տղամարդ, թե՛ կին: Պետք է բոլորս կանգնենք մեր երկրի պաշտպանության համար:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՄԵՔԵՆԱ ՀՐԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԻ ԼԻՆԻ, ԵԹԵ…

Հունվարի 19-ին ԱԺ «Ելք» խմբակցությունը նախաձեռնեց եւ ակցիա իրականացրեց` ընդդեմ տարվա առաջին իսկ օրերին արձանագրված թանկացումների: Օրեր անց խորհրդարանում լսումներ հրավիրվեցին` թանկացման հետեւանքները մեղմելու համար: Իսկ հունվարի 25-ին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնեց, որ խնդիրը շտկելու համար գյուղացիական տնտեսությունները կսուբսիդավորվեն, ինչպես նաեւ տրանսպորտային ուղեւորափոխադրումների դրույքաչափերը կիջեցվեն: Արդյոք այս որոշումից հետո «Ելք» խմբակցությունը չեղյալ կանի փետրվարի 5-ին նախանշած բողոքի երթը: Այս եւ այլ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:

-Տիկի՛ն Թանդիլյան, ինչպես հայտնի է` Ձեր դաշինքի կողմից իրականացված երթից առաջ մասնակիցները մեքենա հրեցին` ի նշան երկրում տնտեսական վատ վիճակի: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մեքենա հրելով` խնդիր չի լուծվում, ինչպես նաեւ ներկայացրեց իրենց կուսակցության կողմից խնդրի լուծմանն ուղղված տարբերակները: Արդյո՞ք սա նշանակում է, որ «Ելք»-ը չեղյալ կանի նախատեսած երթը:
-Մենք չենք կողմնորոշվում եւ կառուցում մեր օրակարգը` պարոն Շարմազանովի արած արտահայտություններից ելնելով: Հետեւաբար, իհարկե, երթը լինելու է, եւ այն, ինչ արտահայտել է նա, հետեւանք է այն պայքարի, որ սկսել է ծավալվել: Մեքենա հրելու կարիք չի լինի, եթե իրենք նվազեցնեն ԱԱՀ դրույքաչափերը: Եթե չանեն էական փոփոխություններ, որոնք կհանգեցնեն այդ երթերի եւ ցույցերի անհրաժեշտության վերացման, ապա դրանք լինելու են: Գիտեմ, որ խոսվել է նաեւ սուբսիդավորման մասին: Պետք է ասեմ, որ սուբսիդավորումն էլ հարկատուի գրպանից է, եւ դա լուծում չէ: Լուծումը մեր առաջարկած տարբերակն է, եւ եթե նրանք իսկապես կամք ունեն` փոխելու այդ իրողությունը, որն այսօր կա, ապա նրանք կգնան այն ճանապարհով, որն առաջարկում է «Ելք»-ը:
-Այսինքն` փետրվարի 5-ին նախատեսված երթը լինելո՞ւ է:
-Երթի մասին մեր հայտարարությունն ուժի մեջ է, եւ այն տեղի է ունենալու` անկախ ամեն ինչից: Հիմա մեր կոչը ժողովրդին այն է, որ ելնեն պայքարի մեզ հետ, որպեսզի կարողանանք այնպիսի լուծման բերել, որը կլինի երկարաժամկետ, եւ վտանգ չի լինի. մեկի կամքից ելնելով` սուբսիդավորումը կդադարեցվի, կամ մի օլիգարխի կամքից ելնելով` փոփոխություն կլինի, թե ոչ:
-Կարծիք կա, որ «Ելք»-ի կազմակերպած ակցիան որեւէ արդյունք չի տալու, եւ դաշինքը փորձում է այդ քայլն իր փիարի համար անել: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
-Փիարի մասին միշտ կարելի է խոսել, իսկ ոչինչ չանելն ինչ է: Ըստ էության, այդ մեկնաբանությունները «Ելք»-ին քիչ են հետաքրքրում: Մենք ուզում ենք` երկրում փոփոխություն լինի, մարդկանց օգտակար լինենք մեր ունեցած բոլոր լծակներով եւ խնդիրներ լուծենք մեզ հասու բոլոր միջոցներով:
-Ի՞նչ եք կարծում` ՀՀԿ-ի կողմից առաջ քաշված լուծման տարբերակներից հետո Ձեր նախաձեռնած ակցիային ավելի քի՞չ մարդ ներկա կլինի, քան կարող էր լինել:
-Ես դա չեմ կարող կանխատեսել, բայց պետք է հայտնեմ մեր քաղաքացիներին, որ իրենց թվաքանակի նվազումից կախված է` արդյո՞ք իշխանությունը միջոցներ կձեռնարկի, թե՞ ոչ: Մենք դա անում ենք ոչ թե նրա համար, որպեսզի ցույց տանք, թե որքան մարդ է գալիս, այլ արդյո՞ք արդյունքի կհասնի այս նախաձեռնությունը, թե՞ ոչ: Իսկ դա կախված է բացառապես մեր քաղաքացիներից: Ուրիշ որեւէ մեկից կախվածություն չունի:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգի ներկայացուցիչներն առաջին հայացքից ծիծաղելի, բայց միեւնույն ժամանակ լուրջ խնդրի առաջ են հայտնվել: Բանն այն է, որ դատական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով 2017 թվականի նոյեմբեր ամսից ավարտվել են բյուջեի միջոցներով գնված գրենական պիտույքները, եւ երկու ամիս շարունակ դատավորներն իրենց գրպանից են վճարել գրելու թղթերի ու ծրարների ծախսը: Ավելին, մեր տեղեկություններով` այս օրերին եւս նրանք են գնում այդ գրենական պիտույքները, թեեւ տարին նոր է սկսվել, եւ 2018թ. բյուջետային հատկացումներով պետք է, որ տրամադրված լինեն գումարները:

 

 

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ Է ՆԿԱՐԵԼ
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը շարունակում է զարմացնել պետական միջոցներով կատարած գնումներով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմնադրամը անցած տարվա դեկտեմբերի 29-ին պայմանագիր է կնքել Գյումրիի «Ցայգ» ընկերության հետ եւ ձեռք բերել կինո-տեսաֆիլմերի արտադրության ծառայություններ: Մասնավորապես հիմնադրամը պատվիրել է նշված ընկերությանը պատրաստել թվով 7 հատ 2D եղանակով անիմացիոն գովազդային տեսահոլովակներ` յուրաքանչյուրն առնվազն 90 վայրկյան տեւողությամբ: Այս ամենի համար հիմնադրամը պետական միջոցներից ծախսել է 1 մլն 890 հազար դրամ: Թե կոնկրետ ինչի մասին են լինելու տեսահոլովակները, պաշտոնական փաստաթղթում որեւէ բան նշված չկա: Թեեւ այդ տեսահոլովակները գյուղատնտեսական թեմաներով են, բայց մյուս կողմից անհայտ է՝ դրանք ինչով կաջակցեն գյուղատնտեսության զարգացմանը: Համենայն դեպս, 2017թ. ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, գյուղատնտեսության ոլորտում անկումը 3 տոկոս է կազմել:

 

 

ՃՈԽ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Ամանորյա տոնակատարությունների համար ամենաշատ գումար ծախսել է Երեւանի քաղաքապետարանը՝ 139 մլն 329 հազար դրամ: Այդ գումարի մի մասը ծախսվել է սոցիալապես անապահով անձանց սոցփաթեթների, մի մասը՝ Երեւանի մանկապարտեզների երեխաների նվերների համար: 5 մլն դրամ էլ քաղաքապետարանը ծախսել է ամանորյա պաշտոնական ընդունելության համար, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալներից: Ամանորին մեծ գումարներ է ծախսել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ 4.4 մլն դրամ: Սակայն ԱԳՆ-ից պարզաբանել են, թե այդ գումարները բյուջետային միջոցներից չեն ծախսել, իսկ թե որտեղի՞ց, ԻԱԿ-ի հարցմանն այդպես էլ հստակ պատասխան չի տրվել: ՀՀ ոստիկանությունն այս նպատակով ծախսել է 4.1 մլն դրամ, ԱԺ-ն՝ 3.9 մլն դրամ, ֆինանսների նախարարությունը՝ 3.3 մլն դրամ, ԱԻՆ-ը՝ 1.8 մլն դրամ եւ այսպես շարունակ: Ի դեպ, մեկ փաստ էլ՝ կառավարության աշխատակազմից այդպես էլ չեն պատասխանել ԻԱԿ հարցմանը եւ չեն տրամադրել իրենց ծախսերի մասին տեղեկություններ` նշելով, թե դրանք համարվում են պետական գաղտնիք:




Լրահոս