Ազգային ժողովում այսօր կայացավկառավարության հրավիրած արտահերթ նիստը: Քվեարկության էին դրվել նախորդ օրը քննարկված հարցերը: Փետրվարի 8-ին կայացած նիստում պատգամավորները քննարկել են մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք առաջին ընթերցմամբ ընդունելու համար կդրվեն քվեարկության:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Ներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելող օրենքի նախագիծը և այլն:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելող օրենքի նախագիծը: «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 34 պատգամավոր:
Նախագծով նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելվում է ժամանակավորապես, քանի որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թ. որոշմամբ 2018 թ. հոկտեմբերից արգելվելու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ աջ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը: 2018 թ. ապրիլի 1-ից ՀՀ-ում արգելվելու է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հաշվառումը: