Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է աշխատանքից: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի նոյեմբերին եւ համարվում էր Կարեն Կարապետյանի մերձավոր կադրերից:
Բանն այն է, որ Դեմիրխանյանը եղել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենի տեղակալ: Այս ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» խմբի անդամ, որի հետ անմիջական կապ ունեն հենց նախարար Վահան Մարտիրոսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Մասնավորապես Մարտիրոսյանը մինչեւ կառավարության անդամ դառնալը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ է եղել: Եվ հիմա հետաքրքիրն այն է, որ ապրիլին ընդառաջ` վարչապետ Կարեն Կարապետյանն իր կադրերին ազատում է համակարգից, երեւի որպեսզի նոր վարչապետը չանի այդ քայլը: