ԵԹԵ ՉԿԱՆԽԵԻՆ, ԻՐԵՆՑ ՉԷԻՆ ՀԱՐԳԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու` իսկական շոուի վերածված նիստի շուրջ շարունակվում են քննարկումները: «Երկիր Ծիրանի խմբակցության ավագանու անդամներից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտպանելու հանձնառությունն իրենց վրա վերցնողների թվում էին Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց գործիչների հետ` փորձելով հասկանալ, թե ինչու կնոջ հետ նման կերպ վարվեցին:

Դավիթ Օհանյան` Երեւանի փոխքաղաքապետ
-Պարո՛ն Օհանյան, նիստում տեղի ունեցած միջադեպի կադրերից էլ երեւում է, որ կարծես թե ՀՀԿ-ական ավագանու անդամների կողմից հարձակում է լինում «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանի վրա. նրան հարվածներ հասցրին: Ինչո՞ւ Դուք եւ Ձեր գործընկերները նման կերպ վարվեցիք:
-Այդ իրավիճակում էլ ուրիշ ինչպե՞ս պետք է վարվեինք:
-Բայց ըստ Ձեզ` ի՞նչ կարող էր լինել: Գո՞ւցե Մարինա Խաչատրյանը պարզապես այդ տարան դներ քաղաքապետի սեղանին ու նստեր իր տեղում:
-Ինքը նախօրոք պատրաստվել էր, այսինքն` չէր պատրաստվում դներ ու հեռանար:
-Ի՞նչ վտանգ կարող էր լինել Տարոն Մարգարյանի համար:
-Ընդամենը գործընթացը նայենք. դա ընդունելի՞ է, թե՞ ոչ: Դրա դրսեւորման տարբեր ձեւեր կան, չէ՞: Ես չեմ հիշում դեպք, երբ իրենք հարց բարձրացնեն, ու այդ հարցին համապատասխան ընթացք չտրվի: Եվ ես չեմ խորանում` ի՞նչ կարող էր լինել…: Ես ինձ հարգած չէի լինի, եթե այդ պարագայում չկանխարգելեի:
-Պարո՛ն Օհանյան, բայց չի կարելի տղամարդուն հարգել, եթե ձեռք է բարձրացնում կնոջ վրա: Չի կարելի կնոջն ապտակել, մազերը քաշել:
-Եթե անկեղծ լինենք` ես այնտեղ կին չեմ տեսնում: Շատ կներես, բայց իրականում ես այնտեղ կին չեմ տեսնում, որովհետեւ հայ կինը, հայ մայրը չի կարող իր գործողությունների մեջ նման դրսեւորում ցուցաբերել: Երկրորդն էլ, անձամբ ես բռնություն չեմ գործադրել:
-Իսկ Ձեր ՀՀԿ-ական գործընկերներից մեկն ապտակեց Մարինա Խաչատրյանին, մյուսը` մազերը քաշեց:
-Դե, այդ պահին ես մյուսներին չեմ նայել: Բայց, ամեն դեպքում, ապտակողը պատասխան ապտակ տվեց ընդամենը: Համենայնդեպս, դիտելուց ես դա եմ տեսնում:
-Մարինա Խաչատրյանը բացատրում էր, որ սկսել են իրեն քաշել, նաեւ սեռական ոտնձգության փորձ է արվել:
-Եկեք, ես ուրիշների կարծիքները չկիսեմ: Եթե ինձ հետ է կապված, փորձենք դրանով բավարարվել: Տհաճ է, իհարկե, տհաճ է. ում է դուր գալիս նման վիճակները: Բայց պետք է օբյեկտիվ լինել ու հասկանալ` ինչից սկսվեց:
-Բայց խնդրի մասին բարձրաձայնվել է, ու լուծում չի տրվել: Եվ միայն այս դեպքից հետո սկսեցին կոյուղագծերը փոխել:
-Ո՛չ, իմ տեղեկությամբ` մինչեւ այդ էլ էին զբաղվում: Հարցը բարձրացնելու քաղաքակիրթ ձեւ կա: Վերջին հաշվով, մենք նաեւ ավագանու նիստեր ունենք, որտեղ հարց ու պատասխան է լինում: Դա վարվելակերպի ձեւ չէր:
-Իսկ Տարոն Մարգարյանի կողմից գովասանքի արժանացե՞լ եք: Նա ողջունե՞լ է Ձեր եւ մյուս ՀՀԿ-ականների պահվածքը:
-Բայց դա ի՞նչ ողջունելու կամ ուրիշ մի խնդիր է: Ես ասում եմ` ինձ հարգած չէի լինի, եթե այդ ձեւով չփորձեի կանխարգելել:
-Այսինքն` փորձեցիք Ձեր ղեկավարին սատա՞ր կանգնել:
-Ո՛չ: Ես նորից եմ ասում. ես ընդամենն ինձ հարգելով… նման բան չէի պատկերացնում, որ կարող է` այս շենքում կատարվի: Այդ մարդը ոչ թե մոտենում էր` պարունակությունը ցույց տար, այլ իր նախկին գործընկերոջ կողքին լցնելով` շարունակեց քայլել:
-Եթե հանկարծ նորից նման մի միջադեպ լինի, ինչպե՞ս Ձեզ կդրսեւորեք:
-Չեմ կարծում, որ սա կրկնվի, ու չտա Աստված, որ կրկնվի, որովհետեւ շատ տհաճ բան է:
-Բայց նո՞ւյն կերպ կվարվեք:
-Ես չեմ կարող ասել` ինչպես ինձ կդրսեւորեմ: Պահն է, չէ՞, մարդուն թելադրում: Կոնկրետ այդ պահին ես տեսա մարդ, ոչ թե կին, որը փորձում է գործողություններ անել, ինչը պատիվ չի բերում ոչ ոքի:
-Բայց եթե այդպես եք վարվում կնոջ հետ, ինչպե՞ս Ձեզ կդրսեւորեիք, եթե նույն կերպ վարվեին Ձեր կանանց կամ աղջիկների հետ:
-Ես չեմ էլ պատկերացնում, որ իմ կինը, մայրը կամ քույրը նման վարքագիծ ունենային:

Սերգեյ Մկրտչյան` Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար
-Պարո՛ն Մկրտչյան, ինչո՞ւ Դուք եւ Ձեր գործընկերները հասաք ու քաշքշեցիք Մարինա Խաչատրյանին:
-Ես այնտեղ կին չեմ տեսնում:
-Բայց ինչո՞վ էր վտանգավոր «Երկիր Ծիրանի»-ի կին անդամը, որ այդքան դաժան վարվեցիք:
-Այդ ժամանակ, երբ իրենք տարաներով մոտենում էին առջեւի նստածներին, ընդհանրապես ուրիշ թեմաներով էր խոսակցություն գնում: Միգուցե արժեր հայտարարել, որ այսպիսի բան կա, բերում ենք, Ձեզ ցույց տանք` Դուք ինքներդ էլ տեսնեք: Այնտեղ նստածներից ոչ ոք չգիտեր, թե այդ տարաների մեջ ինչ կա: Դա ի՞նչ է նշանակում. իրենք իրենց ապահովագրում են մասկաներով, ձեռնոցներով, մնացածի հերն էլ անիծած, հա՞:
-Եթե նորից նման դեպք լինի, ի՞նչ կանեք:
-Իսկ ի՞նչ եք առաջարկում. նստեինք, նայեինք, թե մեր գլխին ոնց են լցնելու, հա՞: Իսկ Դուք ինչպե՞ս կվարվեիք:
-Ինձ Ձեր կարծիքն է հետաքրքիր:
-Ինձ էլ Ձեր կարծիքն է հետաքրքիր: Դաժան կլինեիք, չէ՞:
-Տարոն Մարգարյանն իր «հասեք, դեմն առեք» հրահանգով վա՞տ դրության մեջ դրեց իր գործընկերներին:
-Հրահանգ չի եղել: Եվ նա մեզ վատ դրության մեջ չի դրել: Մենք արել ենք այն, ինչ պետք է անեինք:

Նաիրա Նահապետյան` Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ
-Տիկի՛ն Նահապետյան, Դուք արդեն նշել եք, որ այդ տարաների մեջ ազոտական թթու էր: Բայց քիմիայի կանոններից ելնելով` ազոտական թթուն չի կարող մնալ տարայի մեջ:
-Ինչո՞ւ չէր կարող: Եթե մարդիկ հագնում են ձեռնոցներ, դիմակներ, օպերատորին բժշկական խալաթ են հագցնում, ուրեմն անվտանգ չէ:
-Գո՞ւցե կեղտաջրի տհաճ հոտից ելնելով էին դիմակ հագել:
-Իսկ գուցե ոչ: Եթե խոսեին, իրենց պատասխանը կտրվեր:
-Խնդիրն այն է, որ այս միջադեպից հետո միայն սկսեցին խնդրին լուծում տալ:
-Բայց «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքի հետ մենք ոչ մի առնչություն չունենք:
Զանգահարեցինք նաեւ Մարինա Խաչատրյանին հրողներից ավագանու ՀՀԿ-ական անդամ Սուրեն Ներսիսյանին: Նա խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցերին: Իսկ երբ կրկին զանգահարեցինք, պատճառաբանեց, թե հիվանդանոցում է եւ չի կարող խոսել: Հետո Ներսիսյանն այլեւս հեռախոս չվերցրեց:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում աչքի ընկած Գոռ Վարդանյանը բավական «խոսուն» անցյալ ունի: Հիշեցնենք, որ ավագանու նիստում քաղաքապետի խորհրդական Վարդանյանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կարատեի հնարքներ կիրառեց. այնպես նրան հանեց նիստի սրահից, որ քիչ մնաց ավագանու կին անդամը հայտնվեր գետնին:

Պարզվում է` Գոռ Վարդանյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: Լինելով այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի մերձավորներից մեկը` Գոռ Վարդանյանը պատժիչ ջոկատներ է կազմավորել, որոնց հետո «քսի են տվել» ցուցարարների վրա: Նրա պատժիչ ջոկատները տեղակայվել են Պուշկինի անվան դպրոցի մարզադահլիճում, ավելին` ըստ շրջանառվող լուրերի` նրանց մոտ նաեւ զենք-զինամթերք է եղել: Ավելի ուշ այդ զինամթերքը հայտնաբերվել էր, եւ Գոռ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել մեծ քանակի զինամթերք` փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ու էլեկտրադետոնատորներ պահելու համար: Սակայն հետաքննության, ուսումնասիրություններից հետո, երբ թվում էր, թե փաստերն ակնհայտ են, Գոռ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը կարճվեց պատճառաբանությամբ, թե այդ ամենը ֆիլմ նկարելու համար էր նա բերել դպրոցի մարզադահլիճ:
Գոռ Վարդանյանի կողմից նման վարքագիծն, իհարկե, զարմանալի չէ: Շատերը կհիշեն` ոչ վաղ անցյալում նրա անունը կապվում էր քրեական հեղինակությունների հետ: Մասնավորապես հայտնի քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր սպանության դեպքից հետո շրջանառվեց Վարդանյանի անունը: Պարզվեց` սպանություն կատարողը Գոռի սպորտդպրոցի անդամներից է:
Եվ այժմ` մոտ մեկ տարի անց, Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Գոռը չի դադարում աչքի ընկնել իր «փայլուն» արարքներով:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերից հետո շատ ծնողներ շտապել են որպես բողոքի նշան իրենց երեխաներին հանել Վարդանյանի ղեկավարած արեւելյան մարտարվեստների դպրոցից:

Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՄԻՊ-ԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում եւ սահմանել, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է մասնակցել կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որպես հիմնավորում նշվում է, թե Ազգային ժողով է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հարակից օրինագծերի հետ միասին այնտեղ սահմանվել է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ներկա գտնվելու կառավարության նիստերին: Թեպետ այդ անձանց շրջանակում ՄԻՊ-ն ընդգրկված չէ, սակայն նախագծով նախատեսվել է, որ կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք: Վերոնշյալը հիմք է հանդիսացել այս նախագծի մշակման համար: Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը վերջերս ներկա չի գտնվում կառավարության նիստերին. սա այն բանից հետո, երբ գործադիրը որոշեց բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու մասին նախագիծ ներկայացնել: Հետաքրքիր է՝ իսկ Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք Թաթոյանը կմասնակցի՞ կառավարության նիստերին, թե՞ ոչ:

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՆ
Երեւանի ավագանու ՀՀԿ-ական եւ «Ելք»-ի անդամներն այս օրերին քննարկումների մեջ են: Վերջիններս մտածում են` որոշակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի սահմանափակումներ կիրառվեն, խիստ հսկողություն լինի թե՛ շենք մուտք գործելիս, թե՛ ավագանու նիստերի ժամանակ: Այս կերպ փորձելու են նվազագույնի հասցնել «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից հետագա հնարավոր վտանգները: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը: «Այսպես շարունակել չի կարելի»,-ընդգծեց նա:

 

 

ՈՒՍԱՆՈՂ ՉԿԱ, ՀԱՐԿ ՉԿԱ
Հայաստանի մայր բուհը` Երեւանի պետական համալսարանը, զգալի նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ մայր բուհը անցած տարում պետական բյուջե կատարել է 1 մլրդ 957 մլն 840 հազար դրամի հարկային վճարումներ` զբաղեցնելով ցանկի 75-րդ տեղը: Մինչդեռ 2016 թվականին ԵՊՀ-ի վճարած հարկերն ու տուրքերը կազմել են 2 մլրդ 703 մլն 600 հազար դրամ, իսկ գտնվել է ցանկի 47-րդ տեղում: Այն, որ Հայաստանում տարեցտարի նվազում է ուսանողների թիվը, դա ակնհայտ է: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 13 հազար 941, իսկ անցած տարի նրանց թիվը 9559 էր։ Ըստ որոշ մասնագետների` անցած տարի ԵՊՀ-ի ուսանողների թիվը զգալի նվազել է: Հավաբանար սա է պատճառը, որ համալսարանը նվազեցրել է հարկերը: Չէ՞ որ ուսանողների վարձավճարների հաշվին են նաեւ գոյանում հարկերը:




Լրահոս