Հարմարվող եմ, դրա շնորհիվ էլ ունեմ ամուր ընտանիք. Սոնա Շահգելդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց նվիրված միամսյակի շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը կանացի թեմաների շուրջ զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ։ Նա նշել է, որ հայ կին լինելը բավական բարդ է եւ պարտավորեցնող, քանի որ վերջինս ինքնազոհաբերվող տեսակ է։ Երգչուհին անդրադարձել է նաեւ տղամարդ ծնվելու իր երազանքին, տղամարդկանց հետ ընկերություն անելուն, նրանց կանացից շատ վստահելուն եւ ամուր ընտանիք ունենալու իր գաղտնիքներին։

-Սոնա՛, հե՞շտ, թե՞ դժվար է հայ կին լինելը։

-Դժվար, քանի որ մեր կանայք սովորաբար մեծապես նվիրվում են իրենց ամուսիններին եւ երեխաներին։ Դա, իհարկե, միայն ողջունելի է, բայց դրան զուգահեռ կանայք չպետք է մոռանան իրենք իրենց նվիրվելու, խնամելու մասին։ Թեեւ կա մի զանգված, որ իրեն լավ հետեւում է, եւ դա ինձ դուր է գալիս։ Արտասահմանում, օրինակ, կանայք ավելի շատ իրենք իրենց են սիրում. ես դա էլ չեմ ընդունում։ Որքան էլ գնահատենք եվրոպական արժեքները, հարկավոր է, որ մենք մեր տեսակին հավատարիմ մնանք։

-Ո՞րն է, ըստ Ձեզ, ամուր ընտանիք ունենալու գաղտնիքը։ Դուք Ձեր բանաձեւն ունե՞ք։

-Ես շատ հարմարվող եմ, դրա շնորհիվ էլ ունեմ ամուր ընտանիք, շատ բաներ զոհաբերում եմ, շատ բաներ իմ մեջ եմ պահում, պարփակվում եմ, առհասարակ, դժգոհող տեսակ չեմ։

-Տարիներ առաջ երբեւէ կպատկերացնեի՞ք, որ այսպիսին կլինեք ընտանիքում, թե՞ Ձեզ այլ կերպարում եք տեսել։

-Միանշանակ, պատկերացրել եմ։ Իհարկե, ինչպես բոլորի, իմ կյանքում էլ ամեն ինչ հարյուր տոկոսանոց չէ, բայց ես սիրում եմ այն մարդկանց, որոնք պահում են իրենց ընտանիքը. բաժանվելը հեշտ է, բայց դա լավ բան չէ։ Հարաբերությունների վրա դրական է անդրադառնում նաեւ այն հանգամանքը, որ հասուն տարիքում եմ ընտանիք կազմել. սխալվելու իրավունք չունեի։

-Կնոջ լավագույն հատկությունները որո՞նք եք համարում։

-Հավատարմությունը, անկեղծությունը, փոխզիջող լինելը։ Դրանք ամենակարեւորներն են։

-Իսկ ո՞րն է որպես կին՝ Ձեր թույլ կողմը։

-Ես շատ փխրուն եմ եղել, շատ հավատացող, բայց հիմա փոխվել եմ, մի փոքր այլ կերպ եմ կյանքին նայում։ Երեւի այսպես ավելի լավ է։

-Սոնա՛, իսկ եղե՞լ է, որ երազեք տղամարդ լինելու մասին։ Շատերը երազում են գոնե մեկ օրով հակառակ սեռի դրության մեջ մտնել։

-Այո՛, շատ եմ երազել այդ մասին։ Թեեւ դուրս այնքան էլ չի գալիս «տղամարդ-կին» արտահայտությունը, բայց ես, կարելի է ասել, այդպիսին եմ, ինձ ռիսկով եւ թասիբով կին եմ համարում։ Կռվարար չեմ, բայց եթե պահը գա, կարող եմ նաեւ միջամտել խնդիրներին եւ դրանց լուծում տալ։ Պատկերացնում եմ, որ եթե տղամարդ ծնված լինեի, էլի աշխատասեր ու թասիբով կլինեի։ Իմ մեջ կան նման հատկանիշներ։ Ասեմ նաեւ, որ միշտ առանձնակի սիրել եմ ֆուտբոլը։ Հորեղբայրս հայտնի ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է, ով շատ երկար ճանապարհ է անցել։ Ֆուտբոլի հանդեպ սերս նաեւ նրա հետ շփումի արդյունք է։

-Իսկ Ձեր ընկերների շրջանում տղամարդի՞կ են շատ, թե՞ կանայք։

-Իմ շրջապատում տղա ընկերներն ավելի շատ են։ Նրանք ե՛ւ հուսալի գործընկեր են, ե՛ւ հավատարիմ ուղեկիցներ, ավելի հավատարիմ, քան կին ընկերները։ Բայց ես բոլորի հետ էլ շփվում եմ, առհասարակ, այդ առումով խնդիրներ չունեմ ո՛չ շոու-բիզնեսում, ո՛չ էլ դրանից դուրս։

-Բայց ոմանք ասում են, որ Դուք գոռոզ եք։

-Ընդհանրապես այդպիսին չեմ։ Գոռոզ են նրանք, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Փառքի հասած, բայց տաղանդավոր մարդիկ, սովորաբար, իրենց երբեք այդպես չեն պահում։ Դրա վառ օրինակը Մհեր Մկրտչյանն է։

-Եվ վերջում՝ միամսյակի առթիվ ի՞նչ կմաղթեք մեր կանանց։

-Ճիշտն ասած, միամսյակը շատ չեմ սիրում, որովհետեւ այն համոզման եմ, որ կանանց պետք է ուշադրություն դարձնել ոչ թե մեկ ամիս, այլ յուրաքանչյուր վայրկյան։ Ամեն դեպքում, մեր կանանց մաղթում եմ, որ միշտ իրենց ամուսինների կողքին լինեն, ամուր պահեն իրենց ընտանիքն ու դժգոհելու առիթներ չունենան։

Անի Անտոնյան




Լրահոս