«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ոստիկանության Արարատի մարզի վարչության աշխատակիցների կողմից չարաշահումների գործը գնաց դատարան:
2017թ. հոկտեբերին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզել էր, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության տարբեր ստորաբաժանումների չորս հաշվապահներ հափշտակել էին իրենց վստահված խոշոր չափերով գումարներ: Արդյունքում` մեղադրյալի աթոռին են հայտնվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի ավագ հաշվապահ Լարիսա Մանասյանը, որը 2016թ. հուլիսի 8-ից լինելով նույն բաժնի առաջատար մասնագետ-գլխավոր հաշվապահ` յուրացրել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի հաշվին փոխանցված 311 հազար 094 ՀՀ դրամ:
Իսկ ահա Նինա Ավանեսովան 2013թ. լինելով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի ավագ հաշվապահ` 2014թ. ընթացքում պետական բյուջեից ավել գումար է պահանջել եւ իրեն վստահված, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի հաշվին փոխանցված գումարից իր հաշվին 164 հազար 700 ՀՀ դրամի չափով ավել գումար է փոխանցել որպես դրամական օգնություն: Ասել է, թե դրամական օգնության անվան տակ ոստիկանության հաշվապահները գումար են պահանջել բյուջեից եւ այն յուրացրել: