«Փաստ» թերթը գրում է. Շրջանառության է դրվել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
2018–2019 ուստարվա անվճար տեղերն ըստ մասնագիտությունների ձևավորելիս՝ հաշվի են առնվել շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտական և տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտություններին: Մրցույթային կարգով 105 տեղ կհատկացվի ազգային բանակից զորացրված դիմորդներին:
Նախագծի նպատակն է կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելությունը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում: Այն կապահովի բարձրագույն կրթության շարունակականությունը և բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը՝ ըստ կրթական ծրագրերի, կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանը:
Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով կառավարության հաստատմանը ներկայացնել 1350 տեղ, որից 105–ը՝ բանակից զորացրված դիմորդների համար:
Եվս մեկ նախագիծ, այս անգամ արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա՝ անվճար, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության տեղերի մասին, նույնպես օրերս հայտնվել է www.e-draft.am կայքում:
Նախագծում ասված է, որ անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝ պետության տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, իրավական, մշակութային, ագրոնոմիական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերարտադրության ապահովումն ու պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը:
Նախագծում ասված է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվող նպատակային ընդունելության տեղերը հատկացվում են ՀՀ բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունված և ՀՀ պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո նախարարության նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած ուսանողներին: Նրանց հատկացված անվճար տեղերի թիվը 500–ն է, որից 150–ի ֆինանսավորումը կատարվելու է ՊՆ միջոցների հաշվին:
Ընդհանուր առմամբ՝ անվճար տեղերի թիվը կազմել է 2743, իսկ բակալավրիատի ևս 19 հազար ուսանող կօգտվեն ուսման վարձի մասնակի զեղչից: Անվճար տեղերից 1619–ը կհատկացվի բուհերին, այդ թվում՝ «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններին և ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետին, 70–ը կհատկացվի սփյուռքահայ ուսանողներին, 13–ը՝ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ընդունվողներին և այլն:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: