Այսօրվա հանրահավաքից ընդամենը ժամեր անց, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց սադրանքների չտրվել և զգուշանալ, Մաշտոցի պողոտայում մի խումբ երիտասարդներ անկարգություններ սկսեցին, լուսացույցեր պոկելով, դրանք մեքենաների ուղղությամբ նետելով և վեճի բռնվելով ուրիշների հետ: Դեպքն ուղիղ միացմամբ լուսաբանեց factor.tv-ն: Կադրերից նկատեցինք, որ ցուցարարները հարձակվեցին factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի վրա։
ArmLur.am-ը զրուցեց Արևիկ Սահակյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ «Մեր գրասենյակը գտնվում է մոտակայքում, արդեն պատրաստվում էինք գնալ տուն, լսեցինք աղմուկ, վազքով հեռախոսս առաջին պահին վերցրի ու դուրս եկա, որ կարողանայի ուղիղ եթե մտնել՝ մինչև գործընկերնես կհասնեին։ Ես հասա այն պահին, երբ արդեն մի խումբ երիտասարդներ փորձում էին շատ ագրեսիվ բառապաշարով, հայհոյանքներով, նրանց մի մասը ձողերով, մի քանիսը դեմքները փակած, տապալել լուսաֆորի սյունը»։
Արևիկ Սահակյանի խոսքով՝ նա այդ ամեն ինչը ուղիղ եթերում մանրամասն նկարագրելով լուսաբանել է՝ մեկնաբանելով, որ այդ երիտասարդները շատ տարօինակ պահվածք են դրսևորում․ «Ընդամենը րոպեներ անց՝ մեծ թվով ոստիկաններ եկան: ոստիկանական մեքենաների վրա ցուցարարներից մեկ երկուսը քարեր նետեցին։ Այդ ընթացքում երբ նկարում էի, factor.am –ի իմ գործընկերները վազքով հասան պրոֆեսիոնալ տեխնիկայով: Այդ պահին նկատեցի, որ մի աղջիկ փորձում է մեր լրագրողի ձեռքից խլել տեսախցիկը, մոտեցա և հարցրի, թե ինչու է ուզում խլել։ Այդ աղջիկը սկսեց գոռգռալ, որ չնկարեմ և շատ ագրեսիվ էր, ձեռքի հեղուկը շփեց իմ վրա։ Այդ ընթացքում ինչ որ մեկը խփեց ինձ մեջքիս հետևից։ Այստեղ նրանք լսում էին, որ ես ֆեյսբուքի ուղիղ եթերով մեկնաբանում էի՝ ասելով որ իրենք տարօրինակ վարքագիծ են դրսևորում, որը հակասում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած բաց ձեռքերի պայքարին, որ նրանցից մի քանիսի ձեռքին ձողեր կան եւ այլն։ Եվ իրենք հարձակվեցին իմ վրա, շրջափակեցին ինձ և սկսեցին բեյջս քաշել, հրմշտել ինձ, ասում էին, թե ես ով եմ, ինչ եմ ապատեղեկատվություն տարածում, շատ ագրեսիվ տոնով, կոնֆլիկտ ստեղծվեց»։
Այդ պահին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է դեպքի վայր հասել, փորձել հանդարտեցնել, նրա վրա նույնպես սկսել են գոռգռոալ։ Ցուցարաները նաև անակնկալի են եկել, երբ Արևիկ Սահակյանը ասել է, որ ձողերով երիտասարդին նկարել է, ինչպես նաև նկարել են քարեր նետելը․ «Այնպիսի տպավորություն էր, թե իրենք չէին սպասում, որ առաջին պահից լրագրողներ կլինեն: Ինձ այնտեղ առանձնապես ագրեսիվ երիտասարդներից մեկը, որը ներկայացավ որպես դիտորդ եւ իրեն թույլ տվեց բեյջս քաշքշել, ասաց՝ դուք հիմա լայվ չեք հեռարձակում՝ հավանաբար կարծելով, թե ես մենակ եմ, մինչդեռ արդեն իսկ այդ պահին մեր թիմը սկսել էր ուղիղ հեռարձակմամբ ներկայացնել կատարվող իրադարձությունները՝ ի հեճուկս կասկածելի այդ դիտորդի եւ նրա ընկերների»: