Ընտրություն և խոստումներ փշալարերի ետևում. տարատեսակ ստեր Սերժ Սարգսյանի ելույթում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով Հայաստանը գլորվում է բրեժնեւյան ժամանակները: «Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ ՀՀ երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու… Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող ՀՀԿ նախագահը»,- հայտարարեց նա: Հիշում եք` խորհրդային ժամանակներում գենսեկը՝ Կոմկուսի գլխավոր քարտուղարը, ոչ միայն կուսակցության, այլեւ պետության ղեկավարն էր:

Հիմա ճիշտ նույն կարգավիճակում Սերժ Սարգսյանն է, որի նախագահության տարիներին, ըստ էության, միաձուլվեց պետությունը, իշխանությունն ու իշխող կուսակցությունը:

Սերժ Սարգսյանի ելույթը լի էր տարատեսակ ստերով, օրինակ` նա համոզում էր, թե ԱԺ ընտրություններում իշխող ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել: «Ես, իհարկե, համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով. ինչու, որովհետեւ ե՛ւ իմ, ե՛ւ Ձեր կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններն են»:

Հատուկ Ս. Սարգսյանի համար մի փոքր մեջբերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները եւ ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը… Իշխանությունները եւ քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրեն` ընտրությունների ազնվության նկատմամբ հասարակական վստահությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ հրապարակավ մերժելով քվեների առքուվաճառքը…»:

Մեկ մեջբերում էլ ԱԺ ընտրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշումից. «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ։ Ընդհուպ ԵՄ փորձագետների եւ պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարության զարգացումներին եւ անվտանգության սպառնալիք է։ Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի։ Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում»։

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս